Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արևմուտքը, առաջին հերթին ԵՄ-ն, ուղիղ կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը մենակ է մնում իր թշնամու հետ։ Սա պարտության բանաձևն է։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Աթանեսյանը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը՝ ի տարբերություն եվրոպական կողմի, աջակցում է միջնորդական բանակցություններին։
«Նման մոտեցումը Հայաստանին ավելի ձեռնտու կլիներ։ Մոսկվան առաջարկել է հետաձգել Արցախի կարգավիճակի հարցի լուծումը, և այդ կոչն ուղղված է եղել հենց Հայաստանին։ Եթե մենք դրանից հրաժարվեցինք Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման պայմաններում, ուրեմն Երևանը հակառուսական և հակահայկական մոտեցում ունի։ Որքան Հայաստանը վնասում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, այնքան Երևանն ինքն իրեն է վնասում։ Մենք այդ իմաստով պետք է մտածենք մեր մասին։ Ինչո՞ւ չստանալ Մոսկվայի աջակցությունը Արցախի հարցում։ Ռուս-հայկական համագործակցության միջոցով բազմաթիվ հարցեր են լուծվել, այդ թվում՝ ռազմաքաղաքական բնույթի»,-նշեց Աթանեսյանը։
Փորձագետը հավելեց, որ Հայաստանում ռուսական բազայի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առկայությունը զուտ սիմվոլիզմ է և ծառայում է որպես ներկայության ցուցադրում:
«Ինչո՞ւ այդ ներկայությանը ֆունկցիոնալություն չտրվի, չաջակցվի։ Ինչո՞ւ ենք շտապում հանձնվել: Մենք ունենք վերականգնվելու բոլոր հնարավորությունները։ Մենք շատ բան ենք կորցրել, բայց շատ բան դեռ ունենք»,-կարծում է քաղաքագետը։