ԽՈՍՏԱՆԱԼ՝ ՉԻ՞ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼ

2021 թվականի ամռանը հայ հասարակայնության արևմտամետ հատվածը հրճվանքի մեջ էր։ Բանն այն է, որ Եվրամիությունը Հայաստանին խոստացել էր աննախադեպ ծավալի ֆինանսական աջակցություն։ Այո, այդ գումարի առյուծի բաժինը նախատեսվում էր հատկացնել վարկի տեսքով, ինչը հաշվի առնելով՝ ստացվում է, որ դա բոլորովին էլ աջակցություն չէ։ Տոկոսով պարտքը դժվար թե կարելի է համարել օգնություն։ Բայց ինչևէ, շատերը մեծագույն խանդավառությամբ ընդունեցին ԵՄ-ի կողմից պարտքով ասենք, թե անհատույց խոստացված փողերի բուն փաստը։

ՀԻՇԵՑՆԵՆՔ, ՈՐ ԽՈՍՔԸ 2,6 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՄԱՍԻՆ ԷՐ։ 2021 թվականի հուլիսի 2-ին Բրյուսելում հաստատվեց փաստաթուղթը, որտեղ նշված էին այն նախաձեռնությունները, որ Եվրահանձնաժողովը մտադիր էր իրականացնել Արևելյան գործընկերության անդամ երկրներում 2025 թվականին։ Համաձայն հենց այդ փաստաթղթի, Հայաստանին խոստացան 2,6 միլիարդ եվրո։ Հենց դա էր ուրախացրել հայ հասարակայնության մի մասին։ Բայց նույն այդ որոշումը իրապես նեղացրեց Հայաստանի հարևանին՝ Ադրբեջանին։

Ըստ փաստաթղթի, Արևելյան գործընկերության նույն այդ քաղաքականության շրջանակներում Ադրբեջանին հատկացվում էր ընդամենը 150 միլիոն եվրո։ Ալիևը կատաղել ու հերսոտել էր, գանգատվելով անարդարությունից։ Ահա թե ինչ ասաց նա այն ժամանակ այդ առիթով. «Բնականաբար, ես համարում եմ, որ դա անարդարացի դիրքորոշում է։ Որովհետև Ադրբեջանը Հարավային Կովկասի խոշորագույն երկիրն է՝ տարածքով, բնակչության թվաքանակով, ներուժով»։ Սակայն Երևանի հանդեպ Բաքվի նախանձը երկար չտևեց։ Դատելով ամենից, Ալիևի տրտունջներին ԵՄ-ում ականջալուր եղան և արդեն 2022-ի տարեվերջին 2 միլիարդ եվրո խոստացան տնտեսության հետագա դիվերսիֆիկացման, աշխատատեղերի ստեղծման և գյուղատնտեսական շրջանների ընդգրկուն զարգացման համար։

Միանգամայն «պատահական» զուգադիպությամբ, այն պահից ի վեր, երբ 2 միլիարդ խոստացան Ադրբեջանին, հայկական 2,6 միլիարդի մասին համերաշխաբար մոռացան բոլորը։ Այդ մասին արդեն վաղուց չեն խոսում եվրաչինովնիկները, այդ մասին վաղուց չեն խոսում հայ պաշտոնյաները, այդ մասին գերադասում է չհիշել նաև հայ հասարակայնության այն մասը, որը ժամանակին էքստազի մեջ էր ընկել այդչափ պատկառելի եվրաօգնության խոստումից։ Այդ ամենով հանդերձ, հարկ է նշել, որ 2,6 միլիարդ եվրոն ենթադրվում էր հատկացնել 5 կարևորագույն նախագծերի համար և 5 տարվա ընթացքում։ Այդ հինգ տարուց երկուսն արդեն անցել են։ Իսկ վարկային միջոցներ Հայաստանն առհասարակ ստանում է հիմնականում բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։

Ինչ վերաբերվում է բուն ծրագրերին, ապա հիշեցնենք, որ նշված միջոցները պետք է օժանդակեին, մասնավորապես, սոցիալ-տնտեսական զարգացմանը և հաղորդակցություններին՝ Հյուսիս-Հարավ միջանցքի հետ կապված աշխատանքներին աջակցելով։ Դրա համար ծրագրվում էր հատկացնել 600 միլիոն եվրո, իսկ ներդրումներ կատարել ենթադրվում էր Հյուսիս-Հարավ մայրուղու հատվածներում, ներառյալ Սիսիան-Քաջարան ճանապարհը և նոր թունելի կառուցումը։ Եվս 80 միլիոն նախատեսվում էր հատկացնել Հայաստանի հարավային մարզերի, մասնավորապես՝ Սյունիքի կայունության ամրապնդմանը։ Բացի այդ, ծրագրվում էր 500 միլիոն եվրոյի չափով օժանդակություն հատկացնել կայուն, նորարարական և մրցունակ էկոնոմիկա ապահովելուն՝ 30 հազար փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման միջոցով։ 300 միլիոն ծրագրվում էր ներդնել տեղակատվական տեխնոլոգիաների և գիտության ոլորտում, 120 միլիոն՝ Երևանի կանաչապատմանը, Էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործմանը, էկոլոգիապես մաքուր ավտոբուսների թողարկմանը և այլն։

ԿՐԿԻՆ ԻՍԿ, ԱՅՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԵՐԲ ԵՄ-Ի ՓՈՂԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ ԵՆ խոստացված, բայց ոչ հատկացված, երբ հայտարարված ծրագրերը մնում են չիրագործված և դրանց իրագործման ժամկետի կեսն արդեն անցել է, Եվրամիությունը, ակներևաբար, Հայաստանից ստացել է քաղաքական լուրջ շահաբաժիններ։ Դրանցից մեկն այս օրերին ցուցադրվում է Բրյուսելում, որտեղ բարձր մակարդակով, ԵՄ-ի հովանու ներքո ընթանում է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական ռաունդը։ Թերևս չարժե խոսել այն մասին, որ ԵՄ-ն վաղուց էր ձգտում և հասավ այն բանին, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը Մոսկվայի տանիքի տակից տեղափոխի իր տանիքի տակ։ Երկրորդ քաղաքական շահաբաժինը եվրոդիտորդներն են Հայաստանի սահմանամերձ տարածքում, որոնց գլխավոր առաքելությունը մնում է, մեղմ ասած, հանելուկային։ Ոչ ոք հստակ չգիտի, թե կոնկրետ ինչ են նրանք դիտարկում…

Իհարկե, խոստացածին սպասում են երեք տարի։ Բայց ինչ-որ բան հուշում է, որ տվյալ դեպքում մենք չենք ստանալու խոստացածը և՛ երեք, և՛ հինգ տարի անց։ Քանզի բոլորն արդեն մոռացել են խոստումը։ Մոռացել են Բրյուսելում, մոռացել են Երևանում, մոռացել են նաև նրանք, ովքեր այն ժամանակ հրճվում էին 2,6 միլիարդ թվի վրա, և հիմա էլ հրճվում են այն առիթով, որ Փաշինյանն Ալիևի հետ հանդիպում է հենց Բրյուսելում…