ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՌԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ` ԿՈԿԱԻՆԻ ՄԱՍԻՆ

Ակնհայտ է, որ սովորական հանցագործի ուժերը չեն ների, որպեսզի 2 տոննա 734 կգ կոկաինը Հայաստանով, որպես տրանզիտ երկիր, տեղափոխի կամ փորձի տեղում իրացնել։ Պետական համակարգի որոշ լուրջ պաշտոնյաներ պետք է որ ներգրավված լինեն դրանում, որովհետև նման քանակի թմրամիջոցներ հնարավոր չէ տեղափոխել առանց իշխանության ղեկավար կազմի հովանավորության։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը` մենկաբանելով միջազգային ուշագրավ տեղեկատվությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։

«Նման բեռ երբևէ Հայաստանի տարածքով տրանզիտ եղանակով անցկացնելու կամ առավել ևս Հայաստանում իրացնելու դեպք չի եղել։ Եթե մեր երկիրը դիտարկվի որպես հարթակ այդ քանակի կոկաինը հետագայում Ռուսաստան, Միջին Ասիա կամ այլ տարածաշրջան տեղափոխելու համար, անգամ այդ տարբերակն անհավանական է թվում։ Եթե նույնիսկ ի սկզբանե տրանզիտ եղանակով տեղափոխման վարկածն է եղել, չի բացառվում, որ կարող էր որոշակի քանակ էլ մնալ Հայաստանում։ Դրա նույնիսկ 30 տոկոսը Հայաստանում մնալու դեպքում մեր փոքր երկրի համար կունենար ավերիչ հետևանքներ»,– ասաց Պետրոսյանը։

Նա մի ուշագրավ դիտարկում արեց` հիշեցնելով, որ 15 օր առաջ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներ Մարինա Կարապետյանն ու Էդուարդ Աղաջանյանն աննախադեպ ճնշում գործադրեցին ՆԳ նախարարի վրա, ինչի նպատակն էր պարզել, թե ինչու է ոստիկանությունը միջոցառում իրականացրել գիշերային ակումբներից մեկում։ Օպերատիվ տվյալներով` 4 անձ տեղափոխվել էր ոստիկանություն, որտեղ կատարված զննության արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել էր թմրամիջոց։

«Պատգամավորների վարքագծից կարելի է ենթադրել, որ նրանք կամ «տանիք են» եղել գիշերային ակումբի համար, կամ էլ նման ակումբների մշտական այցելու են։ Ավելին, նրանք հայտնեցին, որ միջին վիճակագրական տվյալներով` ՀՀ–ում տեղի ունեցող գրեթե բոլոր խնջույքների ժամանակ թմրամիջոցներ են օգտագործվում։ Պատգամավորները դրանով իսկ հանցագործության մասին հաղորդում էին տալիս Ազգային ժողովում, այսինքն` չի բացառվում, որ խորհրդարանի այս ուսապարկային համակարգի որոշ ներկայացուցիչներ գիշերային ակումբներում զվարճանալով` թմրամիջոցներ են օգտագործում»,– եզրակացրեց Պետրոսյանը։

Մեր զրուցակիցն ասաց, որ Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը գրեթե 92 տոկոսով աճել է, այսինքն` մեր երիտասարդությունը գնալով դառնում է թմրամոլ, և ցավոք գրանցվում են դեպքեր, երբ թմրամիջոցները նաև հայտնաբերվում են դպրոցներում աշակերտների մոտ։

Պետրոսյանի կարծիքով` ոստիկանապետը կամ ՆԳ նախարարն ամբողջ ներուժը պետք է օգտագործեն ոչ թե ընդդիմադիր գործիչներին հետևելու կամ գաղտնալսելու, այլ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարն ավելի արդյունավետ կազմակերպելու համար, առավել ևս, որ դրանց իրացման հետ կապված հանցագործությունները կրում են լատենտ բնույթ, հետևաբար և՛ վաճառողները, և՛ օգտագործողները պետք է հայտնաբերվեն ու պատժվեն։

Նշենք, որ Իտալիայում առգրավված թմրամիջոցների վերոհիշյալ խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 800 մլն եվրո։

Sputnik Արմենիա