Դուբայից Երևան վերադարձած ուղևորները հայց կներկայացնեն «FlyOne Armenia»-ի դեմ

«FlyOne Armenia» ընկերության օդանավով Դուբայից Երևան վերադառնալ ցանկացող ուղևորները պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընկերության դեմ:

NEWS.am-ին քաղաքացի Շուշաննա Սայադյանը, որի ամուսինը՝ Կարեն Գասպարյանը նույնպես մնացել էր Դուբայում և չէր կարողանում վերադառնալ Երևան, պատմեց, որ ամուսինն այժմ վերադարձել է Երևան «Air Arabia»-ի օդանավով:

Շուշաննա Սայադյանի խոսքով՝ ընկերությունը տոմսի գումարի վերադարձ չի արել. «Նախ ընկերությունը մեզ հետ չի կապվել: Երբ ես տեղեկացա խնդրի մասին, կապ հաստատեցի «FlyOne Armenia» ընկերության հետ, մեզ որևէ պարզաբանում չտվեցին. զանգել ու հարցնում եմ, թե որտե՞ղ է օդանավը, ասում են՝ Իրանում է, հարցնում եմ՝ ե՞րբ է լինելու Դուբայում, ասում են՝ մի անհանգստացեք, շուտով կհասնի: Այնուհետև ես աշխատակցին ասում եմ՝ ձեր պատճառով է այս խնդիրն առաջացել, հիմա այդ մարդիկ ո՞ւր պետք է գնան, ի՞նչ պետք է անեն, ասում է՝ մենք պատասխանատվություն չենք կրում»:

Ըստ քաղաքացու՝ ուղևորներին տևական ժամանակ թույլ չեն տվել Դուբայի օդանավակայանից դուրս գալ. «Դա ևս իրենց մեղքով է եղել, որովհետև չվերթը չեղարկելուց հետո նրանք ուղևորների մասին տվյալների փաստաթղթերը չեն փոխանցել Դուբայի օդանավակայան, ու էլի որոշ ժամանակ մարդիկ այնտեղ են մնացել»:

Շուշաննա Սայադյանը մանրամասնեց, թե ինչ հիմքով են ցանկանում դատական հայց ներկայացնել ընկերության դեմ. «Այն, որ նրանք իբրև սնունդ էին բաժանել մայիսի 7-ին, ուղևորների հարմարավետությունն էին ապահովել, բոլորը կեղծ էր, և վերջին դեպքը, որ Դուբայի օդանավակայանին նույնիսկ չէր ներկայացվել ուղևորների տվյալները, որպեսզի նրանց թույլ տային դուրս գալ օդանավակայանից, ինչպես նաև մեր տոմսերի փոխհատուցումը. այդ ամենի առնչությամբ մենք դիմելու ենք դատարան: Ես վստահեցնում եմ, որ ընկերության աշխատակիցները մեզ հետ շատ կոպիտ են խոսել, նույնիսկ խոսքս կիսատ թողած՝ աշխատակիցը հեռախոսն անջատում էր»:

Մեզ հետ զրույցում ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը ասաց, որ մայիսի 17-ի նախատեսվող Դուբայ-Երևան չվերթը կայանալու է. «Ավիաընկերությունը Էմիրությունների ավիացիոն իշխանությունների հետ կառուցողական երկխոսության մեջ է՝ հետայսու բոլոր նման միջադեպերը բացառելու համար: Իսկ չեղարկված չվերթների մասով էլ ուղևորներին կփոխհատուցվի»:

Ավելի վաղ Անանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Դուբայում մնացած ուղևորների հետ ավիաընկերության զանգերի և ուղևորների սպասարկման կենտրոնը աշխատում է և հասանելի է ցանկացած հարցի հետ կապված. «Հորդորում ենք այն բոլոր ուղևորներին, որոնք չեն կարողացել մեր հետ կապի դուրս գալ, թող փորձեն կապի դուրս գալ»:

Հիշեցնենք, որ Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել էր «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, և ինքնաթիռը վերադարձել էր Երևան: Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել էր թռիչքի բոլոր թույլտվությունները և անհրաժեշտ փաստաթղթերը։