ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ ՄԻՇԵԼԻՆ
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1992թ–ի հուլիսի 8-ի որոշումն ունի նույն իրավական ուժը, ինչ 1990թ–ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համեմատություն արեց 1992թ–ի ԳԽ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը` մեկնաբանելով ԳԽ հիշյալ որոշման վերաբերյալ բրյուսելյան հանդիպումից հետո հնչած տեսակետները։
Հարությունյանի դիտարկմամբ` առաջին հայացքից կարող է թվալ, թե որոշումն օրենքից ավելի ցածր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, մինչդեռ տվյալ որոշումը, նրա խոսքով, համարժեք է սահմանադրական օրենքին, քանի որ բխում է Անկախության հռչակագրից, որն այն ժամանակ փոխարինում էր դեռևս չընդունված Սահմանադրությանը։
Ավելին` Խոսրով Հարությունյանը հիշեցնում է, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Անկախության հռչակագիրը ևս իրավական ուժ է ստացել նույն ԳԽ–ի ընդունած որոշմամբ։
«Հետևաբար, ինչպես այս որոշումը, այնպես էլ ԳԽ ցանկացած այլ որոշում, որն ըստ էության ապահովում է Հռչակագրի այս կամ այն դրույթի աներկբա իրականացումը, ունի նույն ուժը, ինչ Հռչակագիրը։ Ես այսպես եմ մեկնաբանում։ Հետևաբար, եթե վաղը–մյուս օրը որևէ պետական ատյան ընդունի մի այնպիսի որոշում, որը հակասում է ԳԽ հուլիսի 8-ի որոշմանը, ապա մենք պետք է արձանագրենք, որ այն հակասում է ոչ թե հունիսի 8-ի որոշմանը, այլ Անկախության հռչակագրին։ Իսկ այսօր Անկախության հռչակագիրն արդեն Սահմանադրության անքակտելի մասն է»,– ասաց մեր զրուցակիցը։
Բացի այդ, Խոսրով Հարությունյանը նաև արձանագրում է, որ Անկախության հռչակագրի հիմքում ընկած է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ–ի դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Բանն այն է, որ որոշմանը հաջորդած ԳԽ–ի 1990թ–ի ընտրությունն իրականացվել է Հայաստանի ու ԼՂԻՄ–ի միասնական ընտրական տարածքում, և թե՛ Անկախության հռչակագրի ու թե՛ 1992թ–ի հուլիսի 8-ի որոշումներն ընդունվել են Հայաստանն ու ԼՂԻՄ–ը ներկայացնող մեկ միասնական մարմնի` ԳԽ–ի կողմից։
«Այնպես որ ես մնում եմ այն կարծիքին, որ հուլիսի 8-ի որոշումը` որպես մի իրավական փաստաթուղթ, որն ամրագրում էր մեր Անկախության հռչակագրի հիմնական դրույթներից մեկը, ունի իրավական նույնպիսի ուժ, ինչպիսին Անկախության հռչակագիրը»,– արձանագրում է ԳԽ–ի նախկին նախագահը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապագայում կնքվելիք հնարավոր փաստաթղթին, Հարությունյանը հիշեցնում է, որ անկախ դրա ինչպիսին լինելուց, այն պետք է անցնի միջպետական փաստաթղթերի վավերացման համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ներպետական բոլոր ընթացակարգերով` ՍԴ, ԱԺ և այլն։
«Այլ հարց է, թե ներիկայիս ՍԴ–ն ու խորհրդարանն ինչպես կվերաբերվեն ներկայացված փաստաթղթի վավերացման գործընթացին ու ինչպես կմեկնաբանեն Անկախության հռչակագրի դրույթի պահպանման թեզը»,– նշում է քաղաքական գործիչը` միաժամանակ նաև արձանագրելով, որ 1992թ–ի հուլիսի 8-ի որոշման կարևորությունը ոչ միայն դրա իրավական ուժն է, այլ քաղաքական էությունը։
ԳԽ–ի որոշմամբ, Խոսրով Հարությունյանի մեկնաբանմամբ, ՀՀ հետագա բոլոր իշխանությունների համար քաղաքական գլխավոր գծից շեղվելու իրավական արգելք է դրվել։
Հիշեցնենք` մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը` համապատասխանաբար` 29 հազար 800 և 86 հազար 600 քառ կիլոմետր տարածքով, ինչն ըստ էության նշանակում է, որ Ադրբեջանի տարածքը ներառում է նաև Արցախը։ Այսինքն` Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։
Այս հայտարարությունից հետո ՀՀ քաղաքական և իրավական շրջանակներում հանրայնացվեց մի տեսակետ, թե ՀՀ անունից բանակցողը այս համաձայնությամբ խախտում է երկրի Սահմանադրությունը, որի նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որն էլ հիմնվում է Հայկական ԽՍՀ–ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Հայաստանի արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը համարում է, որ գլխավոր հարցն այն է, թե ճանաչելով այս կամ այն պետության տարածքային ամբողջականությունը` պետք է արդյոք նշել տարածքի մակերեսը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա ասաց, որ սա առաջին դեպքն է, երբ որևէ պետություն ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը՝ նշելով իր ճանաչած տարածքի չափը։ Ըստ այդմ` տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում, որ հետագայում պետական սահմանի հետ կապված հակասություններ չեն առաջանա։ Նրա խոսքով` սա պետություններին ընդամենը պարտավորեցնում է սահմանային վեճերը լուծել ոչ թե բռնության և ագրեսիայի, այլ բացառապես բանակցությունների միջոցով։
Դանիելյանը, անդրադառնալով հիշյալ փաստաթղթին, փաստեց, որ 1992թ–ի ԳԽ որոշումն առ այսօր պահպանել է իր իրավական ուժը։
Բայց, Գևորգ Դանիելյանի համոզմամբ, շատ ավելի կարևոր է ՀՀ գործող Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին արված հղումը։
«Այլ կերպ ասած` բոլոր այն դրույթները, որոնք վերաբերում են կոնկրետ Արցախի Հանրապետությանը, արդեն իսկ Անկախության հռչակագրի տեսքով ամրագրված են Սահմանադրության մեջ։ Եթե Սահմանադրությունը նախաբանում ներառել է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, այդ նորմերն արդեն ձեռք են բերում սահմանադրաիրավական ուժ»,– ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով բրյուսելյան հանդիպմանը` նախկին նախարարը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Շառլ Միշելը խոսել էր միայն բանավոր համաձայնությունների մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ չկա որևէ ստորագրված փաստաթուղթ։
«Ստացվում է, որ առանցքային հարցադրումն արվում է հայտարարության տեսքով։ Երրորդական հարցադրումը` այսպես կոչված պետական սահմանների ճշգրտումը, սահմանազատումը, արվում է միջազգային պայմանագրի տեսքով։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ այստեղ առանցքային խնդիրը հենց այն է, թե մենք վերջին հաշվով Արցախի` դեռևս 1991թ–ի դեկտեմբերի 10-ին իրացված ինքնորոշման իրավունքը հարգում ենք, թե չենք հարգում։ Մենք կընդունենք, թե չենք ընդունի` ուրիշ խնդիր է։ Արցախն իր իրավունքը պաշտպանում է։ Ինքն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը, և որևէ երկրի ճանաչման կամ չճանաչման կարիքը չունի»,– ասաց Դանիելյանը։
Բանավոր հայտարարությունների ու համաձայնությունների վտանգը, մասնագետի գնահատմամբ, այն է, որ դրանք փաստացի ունենում են իրավական հետևանքներ, բայց առանց փաստաթղթային հիմքի։ Մինչդեռ միջպետական ստորագրված փաստաթղթերի դեպքում կլինեին նաև ներքին ընթացակարգեր` սահմանադրականության մասին ՍԴ–ի դիրքորոշում, ԱԺ–ի կողմից դիրքորոշում վավերացման մասին և այլն։
«Այդ հայտարարությունները չպետք է որևէ իրավական արժեք ու հետևանք ունենան։ Դրանք ընդամենը հայտարարություններ են։ Չի կարելի դրանք ապրիորի հավասարեցնել միջազգային պայմանագրին և ասել` հայտարարվեց, ընդունենք ի գիտություն, ընդունենք որպես հիմք ու շարունակենք միջազգային պայմանագիր կնքել արդեն այլ հարցերի շուրջ»,– նշեց նախկին նախարարը։
Հիշեցնենք` մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի, Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։