ԿԽՄԿ․ Ինչու 18 օր Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն չի իրականացվում

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն ինքն է դադարեցրել Լաչինի միջանցքի երկայնքով մարդասիրական գործունեությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ խնդիրը որոշակի ընթացակարգերի հստակեցումն է։

Ապրիլի 29-ից հետո ԿԽՄԿ–ի միջնորդությամբ ո՛չ հումանիտար օգնություն է տարվել Լեռնային Ղարաբաղ, ո՛չ էլ բուժառուներ են տեղափոխել Հայաստան։ Խնդիրն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուց հետո։

«Մենք ինքներս ենք դադարեցրել այդ գործողությունները։ Այս պահին բոլոր որոշում կայացնողների հետ երկխոսություն է ընթանում` հստակեցնելու ընթացակարգերը, որպեսզի կարողանանք վերսկսել մեր գործողությունները»,– նշեց Ամատունին։

Նա հույս հայտնեց, որ գործընթացը շատ արագ կվերականգնվի։

Ավելի վաղ ԿԽՄԿ–ից հայտնել էին, որ անցակետ տեղադրելուց հետո 2 անգամ տեղաշարժ են կատարել` մեկը ապրիլի 28-ին (տեղափոխվել է 13 բուժառու), մյուսը` ապրիլի 29-ին (տեղափոխվել է ևս 16 բուժառու)։