ՀՀ ԱԱԾ․ Մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին
Մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ։
«Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով ՀՀ է ներմուծվել կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա