Լավրով․ ԱՄՆ-ն Երևանին խորհուրդ է տալիս քշել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին

ԱՄՆ-ն «խորհուրդ է տալիս» Հայաստանին հրաժարվել ռուսական ռազմակայանից և սահմանապահներից՝ փոխարենը խոստանալով «անվտանգություն ապահովել», ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին նույնպես, հանեք ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ... Չկա այլևս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»,- ասել է Լավրովը «Царьград» հեռուստաալիքի հարցազրույցում։

Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա «գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ... Միացյալ Նահանգները «գցեց» Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- հիշեցրել է Լավրովը։

Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը։ Գյումրիի 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը «Էրեբունի» ավիաբազան է, որը տեղակայված է Երևանում։

News.am