Աշոտ Փաշինյանին առևանգե՞լ են, թե՞ ոչ. համացանցում տեսանյութեր են հայտնվել
Ծնողներն արդեն մի քանի ժամ է` ոստիկանությունում են, բաժնի մոտ հավաքված քաղաքացիները սպասում են, որ ավարտվեն քրեադատավարական ընթացակարգերը և ծնողներն ազատ արձակվեն։
Աշոտ Փաշինյանի «առևանգման փորձի» գործով ձերբակալված զոհվածների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել։ Կադրերում երևում է, թե ինչպես են մայրերը վարչապետի որդուն հրավիրում զրուցելու։ Նա էլ ինքնակամ, հանգիստ քայլելով ծնողների հետ մոտենում է ավտոմեքենային։
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» ևս տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, իրեն ավտոմեքենայից դուրս նետում։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ 4 ծնող է ձերբակալվել` Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Մարտիրոսյանը, Մխիթար Գալեյանի հայր Գարիկ Գալեյանը, Ժորա Սահակյանի հայր Վահիդ Սահակյանը և Արման Ազատյանի հայր Վիգեն Ազատյանը։
Հավելենք, որ ըստ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի` Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Sputnik Արմենիա