Փաստաբան․ Գայանե Մարտիրոսյանի առողջական վիճակը վատ էր, տրամադրվածությունը՝ մարտական
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեսակցություն է ունեցել զոհված զինծառայողի ծնող Գայանե Մարտիրոսյանի հետ:
«Քիչ առաջ ՁՊՎ-ում առանձնատեսակցություն ունեցա տիկին Գայանեի հետ։ Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես ինչպես վայել է հերոսածին մորը։
ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով»,-նշել է նա:
Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ նախօրեին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու ենթադրյալ փորձի հիմքով։ Նրանք տեղափոխվել են Շենգավիթի ոստիկանական բաժանմունք։
Իր հերթին ՔԿ-ից հայտնել են, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։ Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ավելի ուշ հայտնել էին, որ ձերբակալվել է միայն զոհված զինծռայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանեն, իսկ մյուսներն ազատ են արձակվել: Արդեն ուշ երեկոյան տիկին գայանեի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, ապա գիշերով նորից վերադարձրել ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր: