ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի ընտանիքները բուժօգնություն կստանան պետության հաշվին

ՀՀ նախագահը, վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներն այսուհետ բժշկական օգնություն ու սպասարկում կստանան անվճար և արտոնյալ պայմաններով։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների հիման վրա։

Որոշման համաձայն` արտոնությունից օգտվելու իրավունք ունեն միայն հիշյալ պաշտոնյաների ամուսիններն ու ծնողները։ Ընտանիքի այլ անդամների վրա անվճար բուժօգնության կարգավորումը չի տարածվում։

Անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման գումարը փոխանցվելու է առողջապահության նախարարության բյուջետային հատկացումներից։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Sputnik Արմենիա