Զոհվածի հայր․ Օգտագործվել է ծնողների էմոցիան. ի՞նչ գործ ուներ Աշոտ Փաշինյանն այնտեղ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրականությունն, իմ պատկերացմամբ, այն է, որ փորձում են զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկել: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը:
«Այստեղ Գայանեի նկատմամբ անհատական վերաբերմունք չէ, այլ վերաբերմունք է որդեկորույս ծնողների նկատմամբ: Ուզում են ցույց տալ, որ որդեկորույս ծնողները խախտում են օրենքը: Մենք «Որդիների կանչ» ՀԿ-ով մեր կարգախոսն է՝ օրինականություն, հայրենասիրություն և պաշտպանություն բանակին: Մենք կորցրել ենք մեր թանկագինը, փորձում ենք մեր քայլերն այնպես անել, որ հետագա կորուստներ չլինեն»,- նշեց զոհված զինծառայողի հայրը:
Սասուն Բադոյանի խոսքով՝ սա միտումնավոր գործ է. «Ես մեղադրում եմ թիկնազորին, ո՞ւր էր թիկնազորը, նա պարտավոր էր նրա կողքին լինել: Օգտագործվել է ծնողների էմոցիան: Դատավարությունից հետո ծնողները էմոցիայով դուրս են եկել և կան տեսանյութեր, որ Աշոտը զրուցում է տիկին Գայանեի հետ, իրար հետ որոշում են մեքենա նստել, միասին նստում են մեքենան և շարժվում: Ի՞նչ գործ ուներ Աշոտ Փաշինյանն այնտեղ: Մենք գիտենք, որ նրանց վաղուց այնտեղ չեն ապրում: Դատարանի բակը մեծ է, ճանապարհի եզրին կա մայթ, որտեղով հետիոտնը գնում-գալիս է, նույն ժամին ու նույն պահին այնտեղ գտնվելը ինչ է նշանակում»:
Հարցին, թե ինչպես՞ է ստացվում, որ զոհվածների ծնողներին Եռաբլուրից բռնի ուժով բերման են ենթարկում, և որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվում, իսկ այս դեպքով նույնիսկ ձերբակալված անձ կա, զոհվածի հայրն ասաց. «Եվ հակառակը Եռաբլուրի դեպքից հետո ծնողներին են դատի տվել, որ ոստիկաններին վիրավորել են և հրամանին չեն ենթարկվել»:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
News.am