Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԵՐԲ ՈՐ ՀԱՅԵԼԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀԵՏՔԱՇՈՒՄ ԼԻՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՊԵՏՔ Է ՀԱՅԱԹԱՓՎԵՆ
Երբ հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, այն հատվածը, որի մասին նշում են, նշանակում է, որ ՀՀ մի շարք բնակավայրեր պետք է հայաթափվեն, որովհետև դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե դիտարկենք Սյունիքի գյուղերը՝ Տեղ գյուղի, Արավուսի, Խոզնավարի, Խնածախի, Գեղարքունիքի մարզի ուղղությամբ՝ Ազատ գյուղը, Սոթքը, Կութը և այլն: Այսինքն՝ շարքը բավականին մեծ է, և հայելային հետքաշումը ենթադրում է, որ այդ տարածքները, որտեղ մարդիկ են ապրում, վերածվելու է բուֆերային գոտու, որտեղ մարդիկ չեն կարող ապրել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցույց է տվել, որ որևէ պայմանավորվածություն չի կատարում, երբ դա չի բխում իր շահերից. «Այսինքն՝ որևէ մեկը չի կարող Հայաստանին տալ երաշխիք, որ հայկական զորքերի հետքաշումը որոշ ժամանակ անց չի բերելու ադրբեջանական զորքերի ներխուժմանը և Հայաստանի տարածքների նկատմամբ նոր օկուպացիայի ապահովմանը: Տրամաբանություն չեմ տեսնում, հայկական շահը՝ նույնպես: Դա դառնալու է Հայաստանի նոր տարածքային կորուստ»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեվանգման գործին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Այն, ինչ հիմքով տիկին Գայանեն այսօր գտնվում է ՁՎՊ-ում, և ինչ հիմքով նրան երեկ ձերբակալել են, չի կարող ունենալ ուժեղ հիմքեր: Այս առերեսումից խուսափելն ինքին ցույց է տալիս, որ նրանք առհասարակ խուսափում են, որովհետև առերեսման հանգամանքը ևս մեկ անգամ ցույց էր տալու, որ իրականում Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, և մարդիկ ազատությունից զրկվում են, որոշները կալանքի են գնում ոչ նրա համար, որ օրենք են խախտել, այլ իրականության մեջ իշխանության համար են խնդիր ներկայացնում: Իշխանության համար խնդիր են ներկայացնում այն մարդիկ, որոնք պայքարում են: Եվ ինչ կա այս իշխանությունների վերաբերյալ հրապարակային ասում են, նաև հայտարարում, որ պայքարելու են այս իշխանության դեմ: Իշխանությունը փորձելու է թիրախավորել, ճնշել և խաղից հանել անձանց, որոնք պայքարելու են իշխանությանը հանրության առաջ ներկայացնելու բոլոր այն դավաճանությունները»: