Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ՊԱՀԱՆՋ ԴՐՎԵՑ ԲԱՎԱՐԱՐԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախի ԱԺ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության համար անսպասելի էր խորհրդարանի նախագահի այսօրվա հայտարարությունը, որում նա նախագահ Արայիկ Հարությունյանին առաջարկեց ստեղծել պետական պաշտպանության կոմիտե և ցանկություն հայտնեց, որ այդ կառույցը ղեկավարեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:
«Եթե այդ մոդելը չաշխատեց, հրաժարականի դիմում ներկայացրեք, պարոն նախագահ, կամ դրեք ձեր վստահության հանրաքվեն: Եթե ժողովուրդը ձեզ չի վստահում, ապա կհեռանաք»,- ասել էր խորհրդարանի նախագահը:
«Դեռևս մենք էլ պետք է հասկանանք, թե ինչ նպատակով արվեց այդ հայտարարությունը և ինչ են իրենք պատրաստվում անել այս հայտարարությունից հետո: Արթուր Թովմասյանի հայտարարությունը շատերն ընկալեցին որպես նախագահի հրաժարականի կոչ, սակայն, մենք այդպիսի բան չտեսանք:
Պահանջվեց հերթական ինչ-որ կառույցը ստեղծել, որով ինչպես մենք հասկացանք պահանջ էր դրվում բավարարել այն քաղաքական ուժի պահանջը, որն օրեր առաջ հանրահավաք էր կազմակերպել: Տրվեց նաև Ռուբեն Վարդանյանի անունը, որն անսպասելի ու տարօրինակ էր»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանի՝ օրեր առաջ Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին Արցախի նախագահին պահանջ ներկայացվեց Բաբայանին նշանակել պետնախարարի պաշտոնում։
Ի պատասխան Արցախի նախագահը հայտարարեց քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին:
Թե ինչ լիազորություններ պետք է ունենա այդ կոմիտեն՝ առայժմ պարզ չէ:
Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը ստեղծելով նման կառույցներ, դրանց տալիս է այնպիսի լիազորություններ, որոնք շատ դեպքերում հակասում են Արցախի Սահմանադրությանը: