ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՐՈՇ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑԵՐ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ՇԱՌԼ ՄԻՇԵԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻՑ

Մայիսի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդները մանրամասն քննարկել են բրյուսելյան օրակարգի բոլոր հարցերը, News.am-ին հայտնել է ԵՄ պաշտոնական աղբյուրը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են հայ-ադրբեջանական բանակցությունների որոշ ասպեկտներ բացակայում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ։

Նշենք, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի շարունակվող շրջափակման կամ Հայաստանի տարածքով Նախիջևան հնարավոր տրանսպորտային ուղիների կարգավիճակի մասին։ Հայտարարությունից պարզ չէր նաև, թե արդյոք համաձայնեցվել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների որևէ ձևաչափ կամ մեխանիզմ։

«Ինչպես նշեց Շառլ Միշելը, ղեկավարները մանրամասն քննարկել են Բրյուսելի օրակարգի բոլոր թեմաները, ներառյալ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ականազերծման աշխատանքները, կալանավորների ազատ արձակումը և անհայտ կորածների ճակատագիրը: Այն, որ որոշ հարցեր նշված չեն մամուլի այս կամ այն հայտարարության մեջ, դեռ չի նշանակում, որ դրանք չեն քննարկվել առաջնորդների կողմից»,- ասել է ԵՄ պաշտոնական աղբյուրը։

ԵՄ աղբյուրը հրաժարվեց բացահայտել բանակցությունների այլ մանրամասներ, մասնավորապես, արդյոք Հայաստանի, այսպես կոչված, «անկլավները» ներառված են Ադրբեջանի առաջարկվող 86600 կմ2 տարածքի մեջ, արդյոք կալանավորված անձանց ազատ արձակման մասին խոսելով Շառլ Միշելը նկատի ուներ նաև Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներին, որոնցից մեկը մեղադրվում է Սյունիքի մարզում Հայաստանի խաղաղ քաղաքացու սպանության մեջ։ Միշելը հայտարարությունում շեշտել էր՝ զինվորները, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը, պետք է ազատ արձակվեն արագացված ընթացակարգով:

«Հարցերի մեծ մասն անդրադառնում է զգայուն հարցերի, որոնք դեռևս բանակցվում են, քանի որ դրանց վերաբերյալ վերջնական համաձայնություն չկա: Որպես անաչառ միջնորդ՝ ԵՄ-ն ի վիճակի չէ մեկնաբանել բանակցությունների ընթացքում կողմերի որդեգրած դիրքորոշումները: Սա շարունակական գործընթաց է, և մենք ձեռնպահ կմնանք դրա բովանդակության մասին մանրամասներ հայտնելուց՝ դրա արդյունքների վրա ազդելուց խուսափելու համար»,- ասել է աղբյուրը։

Նշենք, որ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումից հետո հայտարարեց, որ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն Ադրբեջանի՝ 86600 կմ2 և Հայաստանի՝ 29800 կմ2 տարածքով։

News.am