ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ԶՈՀՎԵԼ ԵՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ. ՀԱՅԱՍՏԱՆ – ՀԱԿԱՀԱՅԱՍՏԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼ

Երբ 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, սկսվում և թափ էր առնում Հայրենիքի փրկության շարժումը, շատերը տարակուսանքով հարցնում էին. ինչո՞ւ են լռում զոհված տղաների ծնողները։ Երբ 2022-ի գարնանը սկսվեց «Դիմադրություն» շարժումը, հնչում էր նույն այդ հարցը. ինչո՞ւ են այդքան պասիվ (հազվադեպ բացառությամբ) զոհվածների հարազատները, ինչո՞ւ դուրս չեն գալիս փողոց, չեն պաշտպանում այն, ինչի համար իրենց որդիները զոհել են սեփական կյանքը։ Մինչդեռ պատասխանն ընկած էր մակերեսին. չափազանց մեծ էր 18-20 տարեկան իրենց զավակներին կորցրած ծնողների վիշտը, և ոչ ոք իրավունք չուներ քաղաքական ու քաղաքացիական ակտիվություն պահանջել նրանցից այն ժամանակ։

Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է. հենց զոհված զինվորների ծնողներն են կանգնել Փաշինյանի օկուպացիոն ռեժիմին ցուցաբերվող դիմակայության առաջնագծում՝ ստեղծելով իրենց «Որդիների կանչ» կազմակերպությունը և հայտարարելով քաղաքական պայքար սկսելու մասին: Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 17-ին, անկախ նրանից՝ ծրագրված էր արդյոք Աշոտիկի «առևանգման» միջադեպը, թե պատահական, անխուսափելի էր. վաղ թե ուշ մարտի են բռնվելու զոհված տղաների ծնողներն ու նրանց զավակների մահվան մեղավորները։ Քանզի սա պարզապես պայքար չէ քաղաքական ռեժիմի դեմ, սա շատ ավելի խորքային և նշանակալից առճակատում է, որը սրբազան, գոյաբանական բնույթ ունի Հայաստանի ճակատագրի համար:

Սա Հայաստանի պայքարն է հակաՀայաստանի դեմ, որում հակաՀայաստանը պատերազմին հաջորդած 2,5 տարիների ընթացքում լցվել է նոր հուդաներով, հմտացել, համալրել իր շարքերը ծախվելու պատրաստ և երկրի հետ կատարվող ամենի նկատմամբ անտարբեր հազարավոր աջակիցներով, պարուրել երկիրը իր քարոզչական շոշափուկներով՝ շնորհիվ ստախոսության և ուղեղների մշակման մի ամբողջ կայսրության ստեղծման, արծրուն հովհաննիսյանների մեդիա-բանակի։

Իսկ իրական Հայաստանը նույն ժամանակահատվածում խորապես հիասթափվել է քաղաքական ուժերից, կորցրել հավատը քաղաքական պայքարի նկատմամբ և իրավիճակի փոփոխման հույսը, ներպարփակվել իր ցավի ու հուսահատության մեջ, չցանկանալով կրկին կուլ տալ «դիմադրության», «փրկության»,«մինչև վերջ պայքարի» և այլ թեզերի քողի տակ հրամցվող խաբուսիկ խայծը։ Եվ հենց զոհվածների ծնողները, որոնք երկրին տվել են ամենաթանկը և չունեն քաղաքական հավակնություններ, ծանրաբեռնված չեն անցյալի մեղքերի բեռով և չեն վախենում որևէ բան կորցնել, քանզի արդեն կորցրել են ամենաթանկը, կարող են դառնալ այն շարժիչ ուժը, որը նոր շունչ ու նոր հույս կհաղորդի նրանց, ովքեր չեն համակերպվել Արցախը և Հայաստանը կորցնելու մտքին:

Հայաստանի և հակաՀայաստանի դիմակայությունն այս համատեքստում սկսվել է բնավ ոչ երեկ և ոչ էլ նույնիսկ 2020-ի աշնանը։ Այն, ըստ էության, սկսվել է 2019-ի ապրիլին, երբ հայտնի տիկինը՝ վարչապետ կոչեցյալի կողակիցը, որի անունն անգամ նողկալի է գրել, արտասանեց իր ցինիզմով հրեշավոր արտահայտությունը. «Մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի...»։ Նկատի ունենալով նրանց, ովքեր զոհվել են հանուն Արցախի ազատության, ովքեր նախորդ 30 տարիներին չեն խնայել իրենց կյանքը՝ պաշտպանելով միասնական Հայրենիքը: Նա շատ լավ հասկանում էր, թե ինչ է ասում, ինչպեսև շատ լավ գիտեր (ինչն այսօր կասկածից վեր է), թե ինչ է սպասում այն ժամանակ դեռ ողջ-առողջ տղաներին ընդամենը մեկուկես տարի անց։ Գիտեր, թե ինչի միջով պետք է անցնեին նրանց ծնողները, գիտեր, որ Եռաբլուրը համալրվելու է հայ տղաների հազարավոր շիրիմներով։ Եվ, ամենայն հավանականությամբ, վստահ էր, որ նրանց մահն իսկապես բոլորին կթվա հանուն ոչնչի՝ իր ամուսնյակի դավաճանական գործողությունների, հայկական Արցախի հանձնման և Հայաստանը թուրքերին աստիճանաբար նվիրելու խորապատկերին։

Զոհված հերոսների ծնողների, հետեվաբար՝ բոլոր հայերի խնդիրն այսօր փաշինյան-հակոբյանների տոհմազուրկ ցեղին ապացուցելն է, որ հազարավոր հայ զինծառայողներն ու կամավորները զոհվել են բնավ ոչ հանուն ոչնչի, քանզի նրանք պաշտպանել են իրենց Հայրենիքը։ Ճիշտ այնպես, ինչպես դա արել են մյուս հերոսները՝ 90-ականների սկզբին, ինչպես դա արել են 2016-ի Ապրիլյան պատերազմում զոհված տղաները, ինչպես արել և անում են նրանք, ովքեր պաշտպան են կանգնել ու կանգնում Հայաստանի սահմաններին և զոհվում՝ արդեն գրեթե ամեն օր։

Կանխել Արցախի հանձնումն ու Հայաստանի թուրքացումը, հեռացնել թուրքական օկուպացիոն ռեժիմը և իշխանության բերել ազգային ուժերի. սա և միմիայն սա կլինի լավագույն պատասխանը սրբապղծությանը, մանկուրտների աննախադեպ ոտնձգությանը ամենամեծ ու հավերժական սրբության՝ մեր Հայրենիքի, մեր արժեքների և մեր հերոսների դեմ։

Այսօր Հայաստանում, ըստ էության, ծավալվում է ռեժիմի դեմ պայքարի անքակտելիորեն կապակցված երկու ճակատ. դրանցից մեկի կիզակետում զոհվածների ծնողներն են, երկրորդի կենտրոնում՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության շարժումը: Այս երկու ճակատները, որոնք ունեն ընդհանուր նպատակներ և ընդհանուր խնդիրներ, նախանշել են որակապես նոր դիմակայություն, որում այլևս չկան ո՛չ «նախկին», ո՛չ կոռումպացված, ո՛չ էլ հավակնոտ քաղաքական գործիչներ: Իշխանությունները վա-բանկ են գնում՝ շտապելով ավարտին հասցնել իրենց դավաճանական առաքելությունը, բայց դրանով իսկ խթանում ու արագացնում են դիմադրելու և երկիրը փրկելու պատրաստ ազգային ուժերի կայացումը։

Այս ընդհանուր պայքարի երկու ճակատների կարևորագույն գործոնն այն փաստն է, որ հիմնված է դա հաղթողների պատվի և հիշատակի պաշտպանության գաղափարի վրա. հաղթանակած գեներալի պատվի և զինվորների հիշատակի, որոնք չխնայեցին իրենց կյանքը հանուն հաղթանակի, բայց դավաճանվեցին ու լքվեցին սրիկաների հրոսակախմբի կողմից։ Բանակի գաղափարի վրա, որը փլուզում են, արատավորում ու վարկաբեկում, բայց նա, միևնույնն է, չի հանձնվում, հավատարիմ մնալով իր պարտիքին ու իր ժողովրդին:

Այս գոտեմարտի մի կողմում ողջ ու զոհված մարտիկներն են, օկուպացիոն ռեժիմի կողմնակիցների համար այնքա՜ն ատելի Հայոց բանակի խորհրդանիշները, դարավոր ու հավերժական բարոյական, քաղաքակրթական և ազգային արժեքները, որոնց կրողներն ու ժառանգները եղել են ու կան մեր զինվորները: Մյուս կողմից՝ սատանայական վիժվածքը, որն իշխանության է բերվել ամեն հայկականը ոչնչացնելու, 20-րդ դարասկզբին սկսածն ավարտին հասցնելու նպատակով, որը չունի այլ սրբություն, բացի սեփական կաշվից, և պատրաստ է վաճառել հայրենի երկիրը՝ հանուն անձնական բարեկեցության։

Պայքարը, որում բախվել են Հայաստանն ու հակաՀայաստանը, մտնում է վճռորոշ փուլ։ Փաշինյանն ու իր կինը արդեն ասպարեզ են նետել սեփական որդուն՝ հերթական շոուն կազմակերպելու համար, ինչը կոչված է կոծկելու հայ ժողովրդի և պետության հանդեպ գլոբալ դավաճանության գործընթացը։ Բայց, դատելով ամենից, նրանք չարաչար սխալվեցին։ Արդեն նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչով կավարտվի տվյալ գործը, քանզի դիմակները վերջնականապես և անդառնալիորեն պատռված են, ուստի ընտրություն էլ յուրաքանչյուրը պետք է կատարի վերջնականապես։ Պատերազմում զոհված զինվորների ծնողների նկատմամբ հաշվեհարդարը ամենանսեմ, ամենաստոր արարքն է, որին ընդունակ է միայն Հայաստանի և Արցախի նկատմամբ մոլի ատելություն տածող բացարձակ բարոյազուրկ ու զազրելի իշխանությունը։

Այդ արարքի առաջին մասը մենք տեսանք անցած տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում։ Երկրորդը ծավալվում է մեր աչքի առաջ. շատ ավելի մասշտաբային և ընդունակ վերածվելու իսկապես ժողովրդական շարժման։ Եվ եթե ոմանց թվացել է, թե հայ ժողովուրդը հենց այնպես կուլ կտա Արցախի հանձնումն ու թուրքամետ ռեժիմի հետագա բոլոր հակահայկական քայլերը, ապա նրանք չարաչար սխալվել են. ամեն ինչ դեռ առջևում է։

Զոհված զինծառայողների ծնողներին փորձում են վարկաբեկել, հայտարարել է նրանցից մեկը։ Դա իրոք այդպես է, բայց հավելենք, որ իշխանությունները փորձում են վարկաբեկել բնավ ոչ միայն ծնողներին և նույնիսկ նրանց զոհված որդիներին. նրանք փորձում են վարկաբեկել և մեր հոգեկերտվածքից, մեր արժեհամակարգից ու կյանքի չգրված կանոններից արմատախիլ անել մեծագույն սրբությունը՝ Հայրենիքի պաշտպանության և հանուն նրա ինքնազոհաբերման գաղափարը։

4 տարի առաջ այդ սրբապիղծ միտքը ձևակերպվեց «մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի» բանաձևով։ Զոհվածների ծնողների հետ մեր ընդհանուր խնդիրն այսօր ապացուցելն է, որ մեր տղաները զոհվել են հանուն Հայրենիքի։ Եվ դրանով իսկ փրկել Հայրենիքը։