Զոհվածի հայր․ Ժողովու'րդ միացեք մեզ, Փաշինյանին մենք էլ հարցեր ունենք

Պատերազմում զոհվածի հայր Արա Ռոստամյանը հանրությանը կոչ արեց առավոտյան 9:00-ից հավաքվել կառավարության շենքի մոտ: 

«Վաղը ժամը 11:00-ին կառավարության շենքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, և ես կցանկանայի, որ այստեղ ժողովուրդը շատ լիներ, մենք այստեղից մեր հարցերն ուղղեինք նրան՝ այս անօրինականության և հերոսածին մորը կալանավորելու համար»,- ասաց նա:

Նա նաև հորդորեց գիշերը իրենց մենակ չթողնել և հավաքվել կառավարության շենքի մոտ, մասնակցել իրենց հայտարարած նստացույցին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվել է մեկ ամսով: Նրա աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել զոհվածի մորը:

News.am