Ջովաննի ԳՈՒԱՅՏԱ. «ԽՈՍԵԼՈՎ ՄԱՀԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ, ՀԻՇՈՒՄ ԵՄ ԳԱՐԵԳԻՆ Ա-Ի ԽՈՍՔԵՐԸ»

25 տարի առաջ Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևոր ակադեմիայի ուսանող Ջովաննի Գուայտան մտադրվել էր զրույցների գիրք հրատարակել որևէ ականավոր հոգևորականի հետ։ Առանցքային նպատակն էր խոսել ամեն ինչի մասին և անկեղծ։

Այդպիսի զրուցակից գտնելը հեշտ չէր։ Բայց այն ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ պատահական հանդիպումից հետո երիտասարդ հոգևորականը հասկացել էր, որ հենց նրան էր փնտրում։

«Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս։ Զրույցներ Ջովաննի Գուայտայի հետ» գիրքը ֆրանսերեն բնագրից թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, իտալերեն, արևելահայերեն և արևմտահայերեն։

Այս տարի գրքի ռուսերեն տարբերակը վերահրատարակվել է։ Այդ առիթով Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոնի հայագիտության բաժնի նախաձեռնած շնորհանդեսին Ջովաննի Գուայտան հիշել է Գարեգին Ա կաթողիկոսի հետ իր առաջին հանդիպումը, երկար ու հոգեպես հարստացնող զրույցները։

Ի դեպ, գրող Ալեքսանդր Արխանգելսկին և լրագրող, ռեժիսոր Տատյանա Սորոկինան պատրաստվում են 2023-ին Հայաստանում «Հայրենիք» վավերագրական ֆիլմ նկարահանել, որի գլխավոր հերոսը լինելու է հենց Ջովաննի Գուայտան: Ֆիլմի նկարահանման համար հանրային դրամահավաք է ընթանում, որի կարող եք միանալ այս հղումով.

«Հաճախ խոսելով մահացող երեխաների ծնողների հետ, հիշում եմ Գարեգին կաթողիկոսի՝ 25 տարի առաջ ասված խոսքերը»

Ստաժավորում էի անցնում Սանկտ-Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում և մտադրություն ունեի Ռուս Ուղղափառ եկեղեցու որևէ հոգևորականի հետ զրույցների գիրք հրատարակել։ Տարբեր մտքեր, նույնիսկ որոշ գրառումներ ունեի։ Բայց հասկանում էի, որ զրուցակցի ընտրությունը շատ կարևոր է, որովհետև զրուցելու էինք ամեն ինչի մասին՝ անձնական հարցեր զրուցակցիս կյանքի, հավատի-անհավատության մասին, հարցեր, որ ինքն իրեն տալիս է ամեն մարդ՝ տառապանքի իմաստի, այս կյանքում իր գոյության, ձգտումների մասին, հարցեր եկեղեցու, նրա խնդիրների, հանրային կյանքում եկեղեցու մասնակցության, մշակույթի, տնտեսության, քաղաքականության հետ հարաբերություններ մասին։

Ես հասկանում էի, որ պետք է գտնել հետաքրքիր զրուցակից, որը կասի ճշմարտությունը, ոչ թե այն, ինչ անհրաժեշտ է ասել։ Շատ դժվար էր գտնել համապատասխան թեկնածու։

Джованни Гуайта с Гарегином I

Երբ միջազգային գիտաժողովի ժամանակ ծանոթացա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի հետ, հասկացա, որ հենց նրան էի փնտրում, հենց նրա հետ եմ ուզում զրուցել։ Կաթողիկոսի հետ կիսվեցի իմ գաղափարով, և նա համաձայնեց։

Բայց ես նրան խոստովանեցի, որ շատ քիչ բան գիտեմ հայ եկեղեցու մասին։ Գարեգին Առաջինն ասաց, որ դա խնդիր չէ. ինքն ինձ կտա անհրաժեշտ գրքերի ցուցակ, որոշ ժամանակ հետո կհանդիպենք ու սկսենք մեր համատեղ աշխատանքը։

Արդյունքում ստացվեց խայտաբղետ գիրք ամեն ինչի մասին։ Ես ստացա շատ անկեղծ պատասխաններ, օրինակ, եկեղեցում կարիերիզմի, իշխանության մասին, շատ անկեղծ պատասխան էկումենիզմի մասին, թե ինչու են ուղղափառները սարսափում այս բառից։ Իմ կարծիքով, ամենագեղեցիկը գրքի այն հատվածներն են, որտեղ կաթողիկոսը պատմում է իր, Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունների մասին, թե ինչ է նշանակում լինել պարզ քրիստոնյա, հետևել Աստծուն և այլն։ Շատ կարևոր և գեղեցիկ է տառապանքի և դրա իմաստի մասին հատվածը։ Իմ ծառայության մի մասը կապված է մանկական հոսպիսի հետ։ Դա հիանալի, բայց շատ դժվար ծառայություն է, որովհետև ամեն շաբաթ առնչվում ես մահացող երեխաների հետ, իսկ դա ամենասարսափելին է, որ կարող է լինել։ Եվ շատ հաճախ, խոսելով այս երեխաների ծնողների հետ, ես հիշում եմ Գարեգին կաթողիկոսի՝ 25 տարի առաջ ասված խոսքերը։ Շատ ծնողները պատկերացում չունեն, թե ով է կաթողիկոսը, նույնիսկ այդ բառը չեն լսել, բայց այն իմաստուն խոսքերը, որ նա ասել է տառապանքի իմաստի, մահվան մասին, մինչ օրս արդիական են։

Սկզբում մենք հանդիպում էինք Էջմիածնում և հերթով գրառում զրույցները։ Այսպես գրքի 70 տոկոսը պատրաստ էր, երբ սկսվեց Ավագ Շաբաթը, և մենք ստիպված ընդհատեցինք աշխատանքը։ Հետո սկսեցին ի հայտ գալ այն, ցավոք, սարսափելի հիվանդության առաջին նշանները, որի հետևանքով նա մահացավ։ Բայց այդ պահին նա դեռ ոչինչ չգիտեր, ես էլ չգիտեի։ Իսկ մենք գրառում էինք տառապանքի մասին հատվածը. պատկերացնո՞ւմ եք ինչպիսի զարմանալի զուգադիպություն։ Գրքիս նախաբանում ես գրել էի, որ եթե այն ժամանակ իմանայի կաթողիկոսի հիվանդության մասին, նրան չէի հարցնի, օրինակ, թե ինչպիսի՞ հոգևոր ժառանգություն կուզենար թողնել, չէի հարցնի նաև, թե ի՞նչ կասեր մարդուն, որը հենց նոր իմացել է իր անբուժելի հիվանդության մասին։ Բայց այնպես ստացվեց, որ այս գիրքը, իրոք, դարձավ Գարեգին Առաջինի հոգևոր ժառանգությունը։

«Իմ հաջորդ գրքերի ոգեշնչման աղբյուրը նույնպես Գարեգին կաթողիկոսն է եղել»

Իմ հաջորդ գրքերի ոգեշնչման աղբյուրը նույնպես Գարեգին Ա կաթողիկոսն է եղել։ Երբ մեր զրույցների գիրքը ֆրանսերենով լույս էր տեսել, ես նրան ուղարկեցի առաջին օրինակները և շնորհակալական նամակ, որում նաև իմ հետագա ծրագրերի մասին էր պատմել։ Որոշ ժամանակ անց, Գարեգին Առաջինն ինձ զանգեց և ասաց, որ գիրքը հրաշալի է ստացվել, շատ ուրախ է։ Նաև ասաց, որ կարդացել է նամակս, իմ ծրագրերի մասին, բայց ինքը ևս ինձ հետ կապված պլաններ ունի։ Ասաց, որ շուտով Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակն է, և շատ է ցանկանում այդ առիթով գիրք գրել, բայց հասկանում է, որ դժվար թե իրականացնի իր մտադրությունը։ Առաջարկեց համագործակցել։ Ես չգիտեի՝ ինչ պատասխանել, ասացի, որ կմտածեմ։ Բայց, ցավոք, շուտով նա մահացավ։ Եվ հիշելով նրա խոսքերն ու ցանկությունը, մտածեցի՝ ինքս փորձեմ գրել այդ գիրքը։

Գտա գրքեր, ավելի մանրամասն ուսումնասիրեցի հայոց եկեղեցու պատմությունը և գրեցի երկրորդ գիրքս՝ «1700 տարվա հավատարմություն»։ Հայաստանի պատմությունն ուսումնասիրելիս՝ չես կարող անտարբեր անցնել նրա շատ ծանր էջի՝ Ցեղասպանության կողքով։ Եվ ես գրեցի իմ երրորդ գիրքը՝ նվիրված հայերի Ցեղասպանությանը։ Այն թուրքական բանակի գերմանացի սպայի՝ Արմին Վեգների վկայությունն էր։ Դրան հաջորդեց չորրորդ գիրքը, որը ականատեսի վկայություն էր, բայց այս անգամ՝ արաբի։ Նա խիստ հավատացյալ մահմեդական լինելով՝ գրել էր 1915 թվականի իր տեսածների մասին՝ ապացուցելու համար, որ թուրքերի արարքներում մահմեդականությունը մեղքը չունի, որ պատճառը կրոնական չէր, այլ ծայրահեղ ազգայնական։

«Իմ հայ լինելը իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ հարաբերվում եմ այլ ազգերի մարդկանց հետ»

25 տարի է անցել, շատ բան է փոխվել, փոխվել է Հայաստանը, Ռուսաստանը, աշխարհը, ես էլ եմ փոխվել, բայց երբեք չեմ մոռանա Գարեգին Առաջինի հետ աշխատելու փորձառությունը, թե ինչքան բան տվեց ինձ նրա հետ մարդկային շփումը։ Այսօր մետրոյում մտածում էի՝ ինչի՞ մասին խոսել։ Եվ գտա գրքի մի հիանալի հատված, որը զարմանալի արդիական է։ Ես նրան հարցնում եմ. «Դուք ապրել եք տարբեր երկրներում՝ Սիրիայում, Լիբանանում, Անգլիայում, Իրանում, Միացյալ Նահանգներում, Հայաստանում։ Ի՞նչ են Ձեզ տվել այս ազգերը և նրանց մշակույթը»։

Ահա թե ինչ է պատասխանել Գարեգին Առաջինը.

«Բազմազանության հարստությունը նման է խճանկարի, որի առանձին գույները, ներդաշնակ լինելով, ստեղծում են գեղեցկություն, ինչպես սիմֆոնիայում տարբեր գործիքների արձակած հնչյունները միահյուսվում են մի մեղեդու մեջ։ Այն բոլոր մշակույթները, որոնց ծանոթացել եմ կյանքիս ընթացքում, հարստացրել են իմ անձը և, կարելի է ասել, օգնել են մաքրել իմ ներսի հային։ Իմ երկրի հետ ամուր կապված լինելով՝ ես երբեք չեմ եղել ազգայնական այդ բառի նեղ իմաստով, և դա շնորհիվ այն ազգերի մշակույթների հետ առնչությունների, որոնց հետո ապրել եմ։ Ես խորապես համոզված եմ, որ ազգերի և նրանց մշակույթների միջև շփումները շատ կարևոր են։ Մշակույթների երկխոսությունը, որի մասին հիմա այդքան խոսում են, ճանապարհ է հարթում մարդկության խաղաղության և բարեկեցության համար։ Կարծում եմ, որ մեր դարի ավարտը տարբերվում է դրա սկզբից։ Այսօր մենք պետք է հստակ գիտակցենք, որ պատերազմը և մեկուսացումը ոչ մի տեղ չեն տանում, որ խաղաղությունը, համաձայնությունը, համագործակցությունն են պայմանավորում մարդու երջանկությունը։ Մարդկային արժեքները չեն սահմանափակվում միայն մի մշակույթի մեջ, որի բացարձակացումը բերում է աղետի։

Հաճախ եմ մտածում մարդկության, բազմազանության հարստության և ներդաշնակության մասին, թե ինչպիսի գեղեցկություն է մեզ տվել Աստված այս մոլորակի վրա, որը նման է տարբեր ծառերով լեցուն այգու։ Եթե ծառերը միատեսակ լինեին, գեղեցկությունը կկորչեր։ Իմ հայ լինելը իմաստավորվում է միայն այն ժամանակ, երբ հարաբերվում եմ այլ ազգերի մարդկանց հետ։ Եվ հույս ունեմ, որ երրորդ հազարամյակի մարդիկ ավելի խորությամբ կհասկանան ազգերի միասնության իմաստը, բազմազանության միասնության, որում տեղ չեն ունենա դիմակայությունները, լարվածությունները, որոնք հաճախ հրահրվում են նեղ քաղաքական շահերից»։

Լուսինե Ղարիբյան, Mediamax.am