Սերգեյ ՂԱԶԱՐՅԱՆ․ ԿԻՍԱՏ ՄՈՏԵՑՄԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պատասխանել է «Արցախպրես»-ի հարցերին, որոնք վերաբերում են միջազգային դերակատարների միջնորդական բանակցային ռազմավարության արդյունավետությանը, միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում անելիքներին ու պարտավորություններին: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն նախարար, տարիներ շարունակ արցախյան փորձագիտական հանրույթի կողմից և երբեմն էլ պաշտոնական որոշակի մակարդակով կարծիք է հայտնվել, որ պետք է փոխվեն բանակցային գործընթացի մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունը։ Համաձայն ե՞ք, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության և դրա ռազմական զարգացման հետևանքները, իմա՝ տարածքների հարցը, այլ հակամարտության բուն պատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Ըստ Ձեզ, ինչքանո՞վ էր ճիշտ և արդարացված միջնորդների բանակցային ռազմավարությունը:

- Արցախի կարգավիճակը միշտ էլ եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմերի օրակարգի առանցքային կետը։ 1994 թ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից ի վեր և բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախի և Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փոխզիջումային կարգավորման օգտին, որի առանցքում պետք է լիներ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը: Այնինչ Ադրբեջանը, թաքնվելով բանակցային գործընթացի ետևում և ժամանակ ձգձգելով, բացահայտ կերպով պատրաստվում էր հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծմանը:

Տարիներ շարունակ միջնորդների կողմից արված այն հայտարարությունները, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անարդյունավետ դուրս եկան այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները և ուժի կիրառման դեպքերը միջնորդ երկրների կողմից չէին արժանանում համարժեք դատապարտման և արձագանքի։ Մինչդեռ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անդամ և բանակցային կողմ, ստանձնել էր հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ պարտավորություն:

Հետևաբար, այսօր Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, չեն համապատասխանում իրականությանը, ինչն արտացոլված է նաև գործընթացում ներգրավված դերակատարների դիրքորոշումներում։ Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լրացուցիչ ջանքեր կգործադրեն Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցային գործընթացի վերակագնման ուղղությամբ, առանց որի անհնար կլինի հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը։

-Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Արցախի շրջափակումը, ի՞նչ երևույթ է սա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից

-Արցախի 120 հազար բնակիչների ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակություն, որի նպատակն է ուժի կիրառման, պարտադրանքի և էթնիկ զտման հետևողական քաղաքականության միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցի միջազգային օրակարգից դուրսբերմանը: Ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներով, Արցախում բնականոն կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով՝ ռազմաքաղաքական շանտաժի և պարտադրանքի քաղաքականությամբ պաշտոնական Բաքուն ձգտում է հասնել իր հիմնական և առաջնային նպատակներից մեկին. ստիպել արցախցուն անորոշությունից և վախից ելնելով լքել սեփական հայրենիքը:

-Ինչպե՞ս եք գնահատում արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում միջազգային ջանքերը։ Մասնավորապես, ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ, միջազգային հանրությունն այս դեպքում։

-Միջազգային հանրությունն ունի հստակ քաղաքական և իրավական պարտավորություններ և մեխանիզմներ՝ կանխելու մարդու իրավունքների զանգվածային խախտումները, հատկապես դրանց այնպիսի ծայրահեղ դրսևորումները, ինչպիսիք են մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Արցախի շրջափակումն այն կարմիր դրոշակն է, որը պետք է ահազանգի միջազգային հանրությանը հնարավոր զանգվածային հանցագործութունների մասին։ Արցախի ժողովրդի դեմ հնարավոր զանգվածային հանցագործությունները կանխելու պարտավորության շրջանակներում, միջազգային հանրությունը, քաղաքական և դիվանագիտական գործիքներ կիրառելուց բացի, պետք է համապատասխան իրավական գնահատականներ տա Ադրբեջանի հանցավոր գործողություններին։

Բանակցային գործընթացում իրական առաջընթաց ապահովելու ուղղությամբ միջնորդների և այլ դերակատարների կողմից գործադրվող ջանքերը չեն կարող և չպետք է փոխարինեն այն հստակ քայլերին ու գործողություններին, որոնք միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների պարտավոր է ձեռնարկել՝ կանխելու ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և էթնիկ զտումները աշխարհի ցանկացած կետում, առանց քաղաքական, տնտեսական, աշխարհագրական կամ այլ նկատառումներ հաշվի առնելու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև այն մարմինն է, որը պետք է ապահովի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ 2023 թ փետրվարի 22-ի ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը որոշում է ընդունել Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց՝ պարտավորեցնելով վերջինիս ապահովել Արցախի ապաշրջափակումը և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը։

Այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է մինչ այդ՝ 2021 թ դեկտեմբերի 7-ին կայացված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում` պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Նույն որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները: Այս առումով մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան գործողությունները՝ ապահովելու այդ որոշումների իրականացումը։

-Կարելի է փաստել, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը և վերջին տարիների բոլոր հանցագործությունները հետևանք են վերջինիս ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը պատշաճ գնահատականի և արձագանքի բացակայության, և եթե հակամարտությունը համապարփակ և կայուն լուծում չստանա, ապա նման հանցագործությունները, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են: Այս առումով Դուք տեսնու՞մ եք հեռանկարը, և ի՞նչ լուծում պետք է ստանա հակամարտությունը, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ ձևաչափերով, որպեսզի այն լինի արդարացի և արդյունավետ: Եվ արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն կարող են բերել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը, և ինչպիսի՞ն է Արցախի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում:

-Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միասնական է. միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա։ Նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին։

Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ։

«Արցախպրես»