ՀՀ ԱԱԾ․ Փորձել են մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխել խոշոր չափի թմրամիջոցներ, զենք, զինամթերք
Ավտոմեքենայում հայտնաբերվել է 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցների փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակ։
ՀՀ ԱԱԾ–ն բացահայտել է Իրանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մեղրի քաղաքի մոտակայքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ՀՀ–ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողները կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա։
«Քննչական գործողությունների արդյունքում ավտոմեքենայում հայտնաբերել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաև արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակ՝ իրենց 20 հատ փամփուշտներով»,– ասված է հաղորդագրությունում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ իրացնելու նպատակով թմրամիջոցների խմբաքանակի, ինչպես նաև զենք–զինամթերքի տեղափոխումը փորձել է իրականացնել ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն` ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու աջակցությամբ։
Պարզվել է, որ մայիսի 18-ին Ռ.Պ-ն հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում վերցրել է ԻԻՀ քաղաքացու կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը և զինամթերքը, սակայն թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում և հեռացել։
Այնուհետև, մայիսի 19-ին, Ռ.Պ-ն վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիներ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ Մ.Պ-ին և Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ և իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքն ու տեղափոխել Քաջարան։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն և Մ.Պ-ն ձերբակալվել են։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա