Մայր Աթոռ․ Հորդորում ենք քրգործի քննությունն իրականացնել առանց տիկին Գայանեի մեկուսացման

Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հորդորում է իշխանության պատկան մարմիններին, որ հաշվի առնեն Գայանե Հակոբյանի` զոհված զինվորի ծնող լինելու պարագան և քրեական գործի քննությունն իրականացնեն ամենայն անաչառությամբ, առանց նրա մեկուսացման։ Հայտարարությունը հրապարակվել է Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում։

«Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է արտահայտում վարչապետի որդու ենթադրյալ առևանգման մեղադրանքով որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ։ Հասարակության մեջ խռովություններ ու հուզումներ առաջացնող նման ընթացքները ազգային անվտանգության ներկայիս սպառնալիքների պայմաններում ծանր հարված են հայրենիքի պաշտպանությանը լծված մեր զավակների ոգու զորությանն ու նվիրումին և կարող են հանգեցնել նոր պառակտումների ազգային կյանքում»,–նշված է Մայր Աթոռի հայտրարությունում:

Մայր Աթոռը նաև իր զորակցությունն է հայտնել զոհված զինվորների ծնողներին և ընտանիքներին` ընդգծելով, որ աղոթում են նահատակված զինվորների հոգիների հանգստության համար։

Ավելի վաղ Գայանե Հակոբյանին կալանքից ազատելու կոչով էր հանդես եկել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Sputnik Արմենիա