Փաշինյան․ Հայաստան-Արևմուտք հարաբերություններում ՌԴ-ին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա

Հայաստանի և Արմևմուտքի հարաբերություններում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ պարզապես չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն մտայնությանը, թե Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել ՀՀ–իհետ հարաբերություններից։

«Այլ հարց է, որ մենք նաև արևմտյան գործընկերների հետ սկսել ենք քննարկել անվտանգության ոլորտի վերաբերյալ հարցերը։ Նախկինում նման հարցեր ընդհանրապես չէինք քննակում, քանի որ տարածաշրջանում կար անվտանգային ճարտարապետություն, որը դե յուրե հատվածով պետք է լիներ հուսալի ու անխոցելի։ Երբ տեսնում ենք՝ այդ անվտանգային համակարգը չի գործում այնպես, ինչպես ձևակերպված է իրավական փաստաթղթերում, մենք սկսում ենք արևմտյան գործընկերների և ոչ միայն նրանց հետ քննարկել անվտանգային հարցեր»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը նաև նշեց՝ չէր ցանկանա, որ Արևմուտքից հնչած ենթադրյալ հայտարարությունները դառնային ՌԴ–ի և Հայաստանի հարաբերություններում կարևորագույն կամ առանցքային գործոն։

«ՌԴ–ի հետ մեր հարաբերությունների կարևոր գործոնը մեր հարաբերություններն են։ Այն փոխադարձ պարտավորությունները, որ մենք ունենք միմյանց նկատմամբ, և թե ինչքանով ենք մենք կատարում այդ պարտավորությունները։ Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս, որ այդ պարտավորությունները կատարվեն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած ռազմականից մինչև ԼՂ-ում խաղաղապահ ուժերի հետ կապված»,- վստահեցրեց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ 2020 թ նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Լաչինի միջանցքը վերահսկողության տակ պահելը Ռուսաստանի պարտավորությունն է։

«Լաչինի միջանցքը պետք է մնա խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ապօրինի է Ադրբեջանի կողմից և եռակողմ համաձայնության պարտավորության խախտում է։ Այսինքն, ՌԴ-ն պետք է պահեր միջանցքը իր վերահսկողության տակ»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով Խծաբերդից մինչև Փառուխ տեղի ունեցած իրադարձություններին՝ Փաշինյանը նշեց, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրվեց շփման գիծ հասկացողությունը, ինչպես նաև արձնագրվել է շփման գծից ներս ռուսական խաղաղապահ ուժերի պարտավորությունները։

«Մեր կողմից քաջալերել ենք ու մեր կողմից ոչ մի խնդիր չենք ստեղծել, ընդհակառակը՝ ինչով կարողացել ենք, օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»,- ավելացրեց նա։

Նա վերհիշեց 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը, երբ խաղաղապահի ներկայությամբ դիպուկահարից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորիստ էր սպանվել։

«Մենք ասել ենք, որ դրան ՌԴ արձանագանքը պատշաճ չի եղել, ընդ որում, ինչքան ես գիտեմ` խաղաղապահներն էին համոզել, որ խնդիր չկա, բարձրացի ու աշխատանք արա, սակայն կես ժամ անց տրակտորիստը սպանվել էր։ Խծաբերի իրադարձությունները, այսօր գերեվարված մեր հայրենակիցների մեծ մասը խաղաղապահների տեղակայումից հետո ու նրանց պատասխանատվության գոտում էին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Sputnik Արմենիա