Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ՏԻԿԻՆ ԳԱՅԱՆԵՆ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԻ
Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺՄ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի կալանավորմանը։
«Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։ Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է»,–գրել է Մանուկյանը։
Նախկին վարչապետն իր հիացմունքն է հայտնել Գայանե Հակոբյանի և նրա ընտանիքի նկատմամբ
«Խոնարհվում նրա որդու հերոսության առաջ։ Նման ընտանիքների շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել ու բազմաթիվ սխրանքներ գործել։ Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան»,–ընդգծել է Մանուկյանը։