Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԿԱՆԳՆԵՔ ՈՒ ԿԱՆԳՆԵՑՐԵՔ ՁԵՐ ԱՅՆ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
«Փաշինյանի մտադրությունը և հստակ խոստովանությունը Արցախի հանձնման վերաբերյալ, Հայաստանում և Արցախում նոր իրավիճակ է ստեղծել»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նրա կարծիքով՝ Փաշինյանի վերջին հայտարարությունը պատասխանն էր բոլոր այն անձանց, ովքեր մինչև հիմա կասկածում էին, կամ չէին ուզում հավատալ, որ Փաշինյանի բանակցությունների հիմքում Արցախն ադրբեջանացման տանելու գաղափարն է:
Նշելով, որ հարցին այլ դիտանկյունից անդրադառնալու անհրաժեշտություն կա՝ պատգամավորն ասաց. «Երբ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարում էր Արցախի հարցով նշաձողն իջեցնելու մասին, իշխանական պատգամավորներից ոմանք ջանասիրաբար ձայնակցում էին, հայտարարում, թե Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, սակայն որոշներն էլ փորձում էին համոզել, որ իրենց ղեկավարի հայտարարությունների հիմքում Արցախի կամ Հայաստանի բնակավայրերի հանձնումը չէ»:
Ընդդիմադիր պատգամավորն արձանագրեց, որ այն ժամանակ իշխանության որոշ ներկայացուցիչներ շարունակում էին պնդել որ Արցախի հանձնման հարց օրակարգում չկա:
Նշելով, որ Փաշինյանը հիմա հստակ հայտարարում է, որ տեսնում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ մինչ այդ էլ ասում էր, որ չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են անվանում՝ Աբրահամյանն ասաց, որ իրավիճակն այլ բնույթ է ստանում:
«Իշխանական թիմից ցանկացած ներկայացուիչ՝ պատգամավոր, նախարար, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, իշխանական քաղաքական, քարոզչական դաշտ ներկայացնող դեմք պետք է հստակ ընտրություն կատարի՝ մեկ բան է քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության տակ մտնելը, մեկ այլ բան՝ անհատապես գիտակցելը, որ պատմության մեջ ես մտնում որպես անձ, ով իր համաձայնությունն է տվել Արցախի հանձնմանը»,-հայտարարեց պատգամավորը:
Հայտնելով, թե կարևոր չէ, թե ԱԺ ամբիոնից ինչպես իշխանությունը կպաշտպանվի և ով, ինչ ջանասիրությամբ կկիսի այս խարանը՝ Տիգրան Աբրահամյանը հավելեց. «Պետք է գիտակցեք, որ դուք կամ ձեզանից ոմանք ընտրություն կատարելու հնարավորություն դեռևս ունի: Հիշեք՝ ոստիկանությամբ, քննիչներով, դատախազներով, դատավորներով կամ ուղղակի գնդակահարությամբ կարող եք միայն ժամանակ ձգել, սակայն պատմությունը սրբագրելու և հանձնողի խարանը ջնջելու հնարավորություն չեք ունենալու:
Կանգնեք ու կանգնեցրեք ձեր այն առաջնորդին, ով մի քանի տարի առաջ, ձեզ, հասարակությանը, բոլորին համոզում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ: Նախընտրական արշավի հիմքում դնում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, սակայն այսօր ձեզ, մեզ, բոլորիս ստում է՝ հայտարարելով, որ գնում է Արցախը և արցախցիներին դվաճանելու ճանապարհով: Գործեք քանի դեռ ուշ չէ հակառակ դեպքում այս դաժան քաղաքական որոշման հետևանքը և ծանր դատավճիռը անընդհատ հետապնդոլու է ձեզ և ձեր սերունքներին»: