Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԴԻՊՈՒԿ ԵՎ ԻՆՔՆԱՏԻՊ ԷՐ

Հայ Առաքելական եկեղեցու պատասխանը Նիկոլ Փաշինյանին` պետություն–եկեղեցի փոխհարաբերության վերաբերյալ վերջինիս դիտարկման առթիվ, բավականին դիպուկ և ինքնատիպ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը` անդրադառնալով վարչապետի դիտարկմանը, որը Հայ առաքելական եկեղեցուն համարում է քաղաքական մրցակից։

Դիլիջանում Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր՝ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվի, նրան ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծի։ Անմիջապես հետևել էր Մայր աթոռի արձագանքը՝ եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, ապա կարող են ընդունվել հոգևոր ճեմարան, եթե, իհարկե, հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ։

Վարչապետն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ, բայց հակադարձեց այսպես «Ես հույս ունեմ, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք հոգևոր ճեմարան ընդունվելիս և ավարտելիս բավարար փաստեր ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև սեռական առողջության վերաբերյալ։ Համոզված եմ, որ ներկայացրել են այնպես որ՝ մտածելու շատ բան չկա»։

«Խոսելով եկեղեցու պարագայում քաղաքականությամբ զբաղվել–չզբաղվելու մասին` պետք է առանձնացնել, որ ի տարբերություն շատ այլ կրոնական, հոգևոր կառույցների` Հայ Առաքելական եկեղեցին, ազգային կառույց լինելով հանդերձ, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում իրեն անմասն չի պահել այն հարցերից, որոնք ունեցել են համազգային նշանակություն և կարևորություն, հետևաբար այստեղ բացարձակ քաղաքականությամբ զբաղվելու` վարչապետի տեսակետը միանգամայն տեղին չէ»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա կարծիքով`ազգային հարցերի շուրջ մտահոգություն, կարծիք հայտնելու իրավունքը, ինչպես նաև դիրքորոշում ցուցաբերելը, առանձին դեպքերում նաև առաջնորդող դերակատարություն ստանձնելը բոլորովին այլ բաներ են։ Ըստ նրա` ոչ ոք եկեղեցուն ներքաղաքական նեղ ինտրիգների մեջ ներքաշելու կամ նման համատեքստում հարցերը դիտարկելու իրավունք չունի, որովհետև եկեղեցին ազգային ինստիտուտ է և մասնագիտացված ծիսակատարություններ անցկացնելուց և հոգևոր ծառայություններ մատուցելուց բացի, օժտված է կարևոր հարցերի շուրջ հստակ դիրքորոշմամբ հանդես գալու պատմական առաքելությամբ։

«Մեր եկեղեցին միակ կառույցն է, որ հարյուրամյակների խորքից պահպանվել ու հասել է մեզ, մինչդեռ թագավորական դինաստիաներն ու իշխանական տները չեն պահպանվել։ Հայ Առաքելական եկեղեցու կշիռն իսկապես մեծ է և մնում է իր բարձրության վրա, ուստի պետք չէ նրան խառնել ներքաղաքական կյանքին։ Եկեղեցու խոսքն այսօր պահանջված է, և նման ծանր իրավիճակում, երբ ազգային շատ հարցեր երկրորդվում են, եկեղեցու առաջնորդող, ուղենիշային խոսքի ու գործի կարիքն առաջիկայում դեռ շատ է զգացվելու»,– նշեց պատմաբանը։

Հովհաննիսյանի գնահատմամբ` երբ եկեղեցին հստակ գնահատականներ է տալիս և նրա հեղինակությունը հասարակության մեջ ավելի է ամրապնդվում, և երբ եկեղեցին ճշմարիտ խոսք է ասում ազգային հարցերի վերաբերյալ, իշխող քաղաքական ուժը որոշակի մտավախություն է ունենում` կապված եկեղեցու կողմից կոնսոլիդացիոն գործընթացներ նախաձեռնելու և ժողովրդին առաջնորդելու հետ։

Ապրիլի 20-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իշխանության և եկեղեցու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չէ՝ հիշեցնելով, որ շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Sputnik Արմենիա