Մինսկում հաստատել են Հավաքական անվտանգության ուժերի համատեղ պատրաստության 2024-ի ծրագիրը

ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդն այսօր Մինսկում կայացած նիստի ժամանակ հաստատել է կազմակերպության կառավարման մարմինների և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման ծրագիրը 2024 թվականի համար։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ նախապատրաստման միջոցառումների ցանկը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար, որը հիմք է հանդիսանում ՀԱՊԿ շրջանակներում համատեղ պատրաստության միջոցառումների ամենամյա պլանավորման համար:

«Պաշտպանության նախարարների խորհուրդը նաև որոշում է ընդունել 2023 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստության ծրագրում մի շարք փոփոխություններ կատարելու մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաղորդվում է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա մասնակիցների իրավական հիմքերը՝ անվտանգության հավաքական ուժերի գործարկման մասին որոշումների ընդունման օպերատիվությունն ապահովելու համար:

Այսօր Մինսկում, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի նախագահությամբ, ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։

Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Նիստի օրակարգում են ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: Բելառուսը 2023 թվականին նախագահում Է ՀԱՊԿ-ում։

Sputnik Արմենիա