ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի` ԶԱՆԳԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Մարզերի համաչափ զարգացումը մշտապես եղել է Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում։ Այդ են փաստում մարզերում իրականացված բազմաթիվ ծրագրերն ու նախագծերը, որոնց թվում է Վանաձորում բացված զանգերի մարզային կենտրոնը։ Այն գործում է Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ-ի) շենքում: Թե՛ Վանաձորում, թե՛ Երևանում գտնվող զանգերի կենտրոնները հավասարապես սպասարկելու են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին։
«Վիվա-ՄՏՍ-ը զգալի տեղ է հատկացնում մարզային ծրագրերին։ Մենք կարևոր ենք համարում մարզերում ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների ներդրումը, այլև նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա թույլ է տալիս մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը՝ պահպանելով մատուցվող ծառայությունների բարձր որակ և՛ Երևանում, և՛ մարզերում: Զանգերի մարզային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկայով և գույքով, իրականացվող սպասարկումը տարածվում է ամբողջ հանրապետության վրա, աշխատակիցները վարձատրվում են նույնքան, որքան մայրաքաղաքում»,-նշում է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Զանգերի կենտրոնի բնականոն աշխատանքն ապահովում է ավելի քան 100 աշխատակից. 20-ը՝ Վանաձորում, մնացածը՝ Երևանում: Նրանք մասնագիտական խորացված դասընթացներ են անցել Վիվա-ՄՏՍ-ում՝ առաջնորդվելով բաժանորդամետ մոտեցման և ծառայությունների բարձրակարգ սպասարկում մատուցելու պատրաստակամությամբ: Վանաձորում մարզային զանգերի կենտրոն ստեղծելու որոշումը կայացվել է մի քանի հանգամանքների հիման վրա. այստեղ գործում են մի քանի բուհերի մասնաճյուղեր, կա Վանաձորի կյանքն աշխուժացնելու ձգտում և մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ցանկություն: Վանաձորի բուհերում իրազեկման հանդիպումների ժամանակ ընկերության՝ հաճախորդների սպասարկման և մարդկային ռեսուրսների վարչությունների աշխատակիցները ներկայացրել են աշխատանքի յուրահատկությունները և մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները։
Վիվա-ՄՏՍ-ն ունի հզոր ներքին կրթական ռեսուրս, որը թույլ է տալիս վերապատրաստել աշխատակիցներին երեք շաբաթվա ընթացքում։ Նրանք ավարտում են աջակցման գործակալի կարգավիճակով, պատրաստ՝ ապահովելու հաճախորդների սպասարկման ամենաբարձր մակարդակը: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան, քանի որ հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակ ապահովելը համարում առաջնահերթություն:
Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին և աշխատում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։ Այն բաժանորդների աջակցման դասական ուղղություններից է և մատուցում է բարձրակարգ սպասարկում թեժ գծի միջոցով (111 կարճ համարով՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար)։
2020 թվականից զանգերի կենտրոնն անցել է ժամանակակից տեխնոլոգիական համակարգերից մեկին և ներկայումս բաղկացած է ինքնասպասարկման SIVR (իրավիճակային ինտերակտիվ ձայնային արձագանքման) ենթահամակարգից և զանգերի կենտրոնի գործակալների և մասնագետների կողմից սպասարկման ենթահամակարգերից։
2022 թվականին զանգերի կենտրոնի աշխատակիցների միջոցով սպասարկվել է ավելի քան 2,000,000 զանգ, իսկ ավելի քան 9,000,000 զանգ սպասարկվել է SIVR համակարգի միջոցով։
Բաժանորդների աջակցման մշտական կատարելագործումը և բաժանորդների գոհունակության բարձր մակարդակի ապահովումը մշտապես գտնվում են Վիվա-ՄՏՍ-ի առաջնահերթությունների ցանկում: