ԱՄՆ Պետդեպը Երևանին և Բաքվին հորդորում է համաձայնության գալ վիճահարույց հարցերի շուրջ

ԱՄՆ Պետական դեպարտամենտը շարունակում է հորդորել Երևանին և Բաքվին համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով` 2 երկրի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է Մոսկվայում, բայց ԱՄՆ–ի համար այդ բանակցությունները մնում են առաջնահերթություն։ ԱՄՆ Պետդեպը կողմերին դիմավորել է մայիսի սկզբին, բանակցությունները շարունակվեցին Բրյուսելում, և, ըստ Միլլերի, ԱՄՆ–ն շարունակում է աջակցել դրանց։

«Ինչպես մենք նախկինում նշել ենք, հավատում ենք, որ կողմերի միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել տեսանելի ապագայում և շարունակում ենք կողմերին դրդել համատեղ աշխատանքի»,– նշել է Միլլերը։

Հարցին` արդյոք ԱՄՆ միջնորդությամբ նախատեսվում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր հանդիպումներ, նա պատասխանեց, որ պետքարտուղարը վերջերս է նմանատիպ հանդիպում կազմակերպել, իսկ նորը դեռ չի պլանավորվում։

Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):

Դրանից հետո Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց Փաշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։

Sputnik Արմենիա