Բրիտանիայի խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել Հոլոդոմորն Ուկրաինայում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը 1932-1933թթ. սովասպանությունն Ուկրաինայում ճանաչել է ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Համայնքների պալատի պատգամավորները միաձայն պաշտպանել են բանաձևը հինգշաբթի, մայիսի 25-ին։
Քվեարկությունը նախաձեռնած Փոլին Լեթհեմի՝ պահպանողականների ներկայացուցչի խոսքով, այդ քայլը պետք է դառնա հստակ ազդանշան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ամբողջ աշխարհին այն մասին, որ Բրիտանիայի խորհրդարանն աջակցում է Ուկրաինային և չի հանդուրժի ռազմական հանցագործությունները՝ ոչ անցյալի, ոչ ներկայի։
«Խորհրդային Միությունը բնաջնջել է միլիոնավոր ուկրաինացիների հարկադիր սովի և բռնի տեղահանումների քաղաքականությամբ։ Դա հիշեցնում է Ուկրաինայի այսօրվա իրադարձությունների մասին։ Ինչպես Ստալինը 1930-ականներին, այսօր Պուտինն է ձգտում ոչնչացնել ուկրաինացի ժողովրդին և ուկրաինական ինքնությունը»,- ավելացրել է Լեթհեմը։
Ուկրաինայում ողջունել են Բրիտանիայի խորհրդարանի որոշումը։ Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել փաստաթղթի հեղինակներ Փոլին Լեթհեմին և Սթյուարտ Մակդոնալդին։ «Դա որոշում է պատմական արդարության վերականգնման մասին և հիշեցում աշխարհին, որ նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն»,- ընդգծել է նա։
News.am