Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Ուղեղների չիպերի արտադրությամբ զբաղվող Neuralink ընկերությանը, որը պատկանում է ամերիկացի գործարար Իլոն Մասկին, թույլտվություն են տվել մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ անելու համար։
Ավելի վաղ հայտնել են, որ 2022 թվականի սկզբին Neuralink–ն արդեն դիմել է ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն (FDA), որպեսզի թույլատրեն նման փորձարկումներ անեն, բայց այդ ժամանակ կառույցը մերժել էր ընկերության հայտը։
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ ստացել ենք FDA–ի թույլտվությունը` մարդկանց վրա կլինիկական ուսումնասիրություններ սկսելու համար։ Սա Neuralink թիմի անհավատալի աշխատանքի արդյունքն է։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է FDA-ի հետ, և սա կարևոր առաջին քայլն է։ Մի օր մեր տեխնոլոգիան թույլ կտա օգնել շատ մարդկանց»,– Twitter-ում հայտնել է Neuralink–ը։
Առաջիկայում կլինիկական փորձարկումների մասնակիցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն։
Հիշեցնենք, որ Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ Neuralink–ի «հեղափոխական ուղեղային իմպլանտը» կօգնի հաղթահարել այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են կաթվածն ու կուրությունը։
Sputnik Արմենիա