Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՌԴ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իր դիրքորոշումները Արցախի հարցով չի փոխվել, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանը որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, քան այն, ինչը նախատեսված է նոյեմբերի 9–ի փաստաթղթով։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս տեսակետը հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ՌԴ–ի և Ադրբեջանի միջև հնարավոր պայմանավորվածություններին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարեց. «Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպմանը, մենք ենք այն նախաձեռնել, մեր իրավունքն է նախաձեռնել այն, ինչ մենք համարում ենք օրինական, ճիշտ, և ինչին, ի դեպ, աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունն ու այլ երկրներ»։
«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև երկկողմ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը ասաց, որ իր դիրքորոշումները ինչպիսին եղել են, փոփոխության չեն ենթարկվել, իսկ ՌԴ–ի դիրքորոշումը արտահայտված է եռակողմ փաստաթղթում, որի կողմ է նաև Ռուսաստանը, ինչը ենթադրում է, որ նա որևէ այլ բան չի պայմանավորվել Ադրբեջանի հետ»,–ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց Ալիևի մոտեցումը, այն է` Հայաստանը Արցախին կապող և ՀՀ–ի միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղիները պետք է ունենան միևնույն ռեժիմները։
«Եվ չի բացառվում` այս փուլում ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա իրականացվել է հետագայում դա թանկ ծախելու և իր լրացուցիչ տարածքային հավակնությունները բավարարելու համար։ Այս պահին դժվար է ասել, թե իրականության մեջ պրոցեսը ինչ ձևով կընթանա»,–ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքով` ՌԴ–ն` որպես նոյեմբերի 9–ի հայտարարության կողմ, ուներ պարտավորություն ու պատասխանատվություն կանխելու ադրբեջանական անցակետի տեղակայումը, հատկապես, որ այն տեղակայվեց իր հենակետից 20-30 մետր հեռավորության վրա։ Հետևաբար ՌԴ–ի գործողություններն այդտեղ պետք է լինեին շատ ավելի հասցեական։
Եվ այժմ Ադրբեջանը որպես փաստ արձանագրում է իր անցակետի գոյությունը և դա օգտագործելով փորձում է ճնշել Հայաստանին բանակցային գործընթացում
Միևնույն ժամանակ Աբրահամյանը հիշեցրեց, որ տեղի ունեցող պրոցեսների հիմքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որ ՀՀ–ն պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ մնացածը դրա հետևանքներ են։
Հիշեցնենք` մայիսի 25–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):
Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպումներ անցկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ աշինյանի և Ալիևի հետ, այնուհետև եռակողմ քննարկում սկսվեց, որից հետո ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները մեկ շաբաթից կհանդիպեն չկարգավորված հարցերը լուծելու համար։