Վերականգնվել է Կարմիր խաչի կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր վերականգնվել է բուժառուների տեղափոխումը Լաչինի միջանցքով Հայաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նրա խոսքով` այսօր արդեն 15 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Այսօր նաև բեռանատարներով տեղափոխել ենք մարդասիրական օգնություն։ Մայիսի 17-ից մենք վերսկսել ենք այդ գործողությունները»,– նշեց Ամատունին։

Նա տեղեկացրեց, որ տեղափոխվել են մարդասիրական տարբեր բեռներ, հիմնականում` տեղական բուժհաստատությունների համար նախատեսված բժշկական պարագաներ, դեղորայք, ինչպես նաև որոշ պարագաներ, որոնք անհրաժեշտ են ԿԽՄԿ մարդասիրական աշխատանքները տեղում իրականացնելու համար։

Ամատունու խոսքով` մայիսի 17-ից մինչև այսօր, ընդհանուր առմամբ, 16 բեռնատար են Լաչինի միջանցքով մարդասիրական օգնություն տեղ հասցրել։