ԵՐԿՈՒՍՆ ԸՆԴԴԵՄ ՄԵԿԻ. Ո՞Վ ՏԱՊԱԼԵՑ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ

ՔՊ-ական ոմն պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյան անունով, երեկ բավական հետաքրքիր խոստովանություն արեց։ Նա հայտարարեց, որ «Ռուսաստանի Դաշնության կողմից եղել է առաջարկ` ԼՂ-ի հարցի լուծումը սերունդներին թողնելու վերաբերյալ, բայց դրանից հետո չի կարողացել իրականացնել իր պնդումը», հավելելով, թե մենք (այսինքն ՝ ՀՀ իշխանությունները) «հրապարակային համաձայնել ենք դրան, ընդ որում՝ տարբեր մակարդակներում»։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը «չի կարողացել իրականացնել իր պնդումը»։ Նիկոլի թիմակիցը ենթադրեց, թե պատճառը Ալիևի «ապակառուցողական վարքագիծն է», և վստահեցրեց, որ «եթե Ռուսաստանը կրկին դա առաջարկի, ապա Հայաստանը իր նախորդ առաջարկած կարծիքը չի փոխել այս մասով»։

Եթե որեվէ մեկը չի ճանաչում այդ կերպարին, ապա հիշեցնեմ նրա մասնակցությամբ ամենահայտնի դրվագը խորհրդարանի պատերի ներսում. Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում օմբուդսմենի թեկնածությունների քննարկման ժամանակ Հովհաննիսյանը հայհոյում էր փողոցային հարբած բեռնակրի պես՝ խոստանալով կտրել իրեն դուր չեկած թեկնածուի լեզուն ու ականջները։ Բնականաբար, այդ խուլիգանության համար նա ոչ մի պատժի չենթարկվեց, քանի որ ակնհայտորեն կատարում էր շեֆի առաջադրանքը։

Իսկ այ, ի դեպ, իր մեկ այլ իրավախախտման համար, որ կատարել է պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, նա ստիպված է լինելու պատասխան տալ. ինչպես հայտնի դարձավ բառացիորեն երեկ, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Հովհաննիսյանին պարտադրել են ներողություն խնդրել «5-րդ ալիքից»՝ սոցցանցերում հեռուստաընկերության հեղինակությունն արատավորող գրառում անելու համար, և վճարել 300 000 դրամ փոխհատուցում։

Ըստ էության, այս հոդվածում խոսքն ամենևին էլ նիկոլական այդ հաճկատարի մասին չէ. շատ մեծ պատիվ կլինի իր համար։ Նրա անձի վրա մենք համառոտ կանգ առանք բացառապես մեկ նպատակով. դավաճաններին և թուրքի վասալներին պետք է ճանաչել դեմքով, որպեսզի հետո լիարժեք պատասխան տան իրենց արածի համար։ Քանզի եթե չլինեին Հովհաննիսյանի կարգի հարյուրավոր անձինք, Փաշինյանին երբեք չէր հաջողվի իրականացնել հակահայկական նողկալի ծրագիրը, որի իրագործման համար էլ իշխանության բերվեցին այդ տոհմազուրկ առանձնյակները։

Ահա ուրեմն, հենց որպես ՔՊ խմբակցության քարտուղար էլ սույն գործիչը հանդես եկավ հայտարարությամբ, որը լիովին ի ցույց է դնում Փաշինյանի գլխավորած հայկական դիվանագիտության բացարձակ ապիկարությունը, հայոց պետության և ազգի համար ամենակարևոր հարցի վերաբերյալ որևէ սկզբունքային դիրքորոշման բացակայությունը, ինչպես նաև ռեժիմի ամենամասշտաբային ձախողումներից մեկն արտաքին դաշտում։ Սակայն բոլոր այս գնահատականները վավեր են միայն այն դեպքում, եթե մի կողմ դնենք դրանցից ամենակարևորը. միտումնավոր իրականացվող քաղաքականության հակահայկական բնույթը և թուրքական շահերի առավելագույն սպասարկումը։

Եվ այսպես, ի՞նչ ունենք իշխանության ներկայացուցչի ասածի փաստով։ Մոսկվան առաջարկում էր Արցախի հարցում պահպանել ստատուս քվոն. անորոշ ժամանակով սառեցնել խնդիրը։ Ոչ մի նոր բան դրանում, իհարկե, չկա, ինչպեսև նրանում, որ հետպատերազմյան պայմաններում դա կդառնար ամենանպատակահարմար լուծում, ինչը թույլ կտար քիչ թե շատ կայուն և անվտանգ պահել Արցախի հայկական մնացած հատվածը և կենտրոնանալ մեզ պատուհասած աղետից վերականգնվելու հարցերի վրա։

Եթե, ինչպես պնդում է ՔՊ-ականը, հայկական կողմը «հրապարակային» համաձայնել է դրան, այն էլ՝ «տարբեր մակարդակներում», ապա տրամաբանական է ենթադրել, որ եռակողմ ձևաչափում ուժերի հարաբերակցությունը եղել է երկուսն ընդդեմ մեկի։ Այսինքն Մոսկվան ու Երևանը կողմ էին կարգավիճակի հարցի սառեցմանը, իսկ նման որոշման հետ համաձայն չէր, բնականաբար, Բաքուն։ Ո՞ւմ կողմում էր առավելությունը: Ճիշտ է, մեծամասնության: Ինչպե՞ս լուծվեց հարցը: Ճիշտ է, հօգուտ փոքրամասնության:

Այսինքն՝ ևս մեկ անգամ. գլխավոր և այդ պահին միակ միջնորդը՝ ի դեմս Ռուսաստանի, այս կարևորագույն հարցում Հայաստանի և Արցախի առնվազն իրավիճակային դաշնակիցն էր, բայց Հայաստանին այդուհանդերձ չհաջողվեց հասնել նրան, որ ստատուս քվոն սառեցվի։ Ընդհակառակը, հայկական իշխանություններին հաջողվեց հասնել նրան, որ Արցախի հարցը լուծվի լիովին հօգուտ Ադրբեջանի, գործնականում փակվի արտաքին դերակատարների համար՝ Փաշինյանի ու իր թիմակիցների ջանքերով, և այսօր ոչ ոք չի խոսում նույնիսկ ինքնավարության մասին, այդ թվում՝ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը։ Եվ քչերն են կասկածում, որ «իրավունքների և անվտանգության երաշխիքների» մասին ողջ այդ բառակույտը ոչ այլ ինչ է, քան կատարյալ դատարկախոսություն:

Այլ հարց է, թե որքանով է իրավասու օկուպացիոն ռեժիմի պարագլուխը վճռել Արցախի ճակատագիրը՝ շրջանցելով պետական հիմնարար փաստաթղթերը և ժողովրդի կամքը։

Բնականաբար, այն ժամանակ գլխավոր միջնորդը՝ ի դեմս Ռուսաստանի, հետապնդում էր առաջին հերթին սեփական նպատակները. ամրապնդել խաղաղապահների ներկայությունը և դրանով իսկ ապահովել սեփական ազդեցությունը տարածաշրջանում՝ որպես հիմնական արտաքին ուժ։ Բայց այդ նպատակը և՛ այն ժամանակ, և՛ այսօր համընկնում է հայկական կենսական շահերի հետ, և հայոց դիվանագիտություն կոչեցյալը պարտավոր էր այդչափ բարենպաստ դասավորության պարագայում հասնել կարգավիճակի հարցի սառեցմանը։ Մինչդեռ արդյունքն այսօր ակնհայտ է. դեռևս հավանաբար գլխավոր, բայց արդեն ոչ միակ միջնորդը ստիպված էր համաձայնել փոքրամասնության պայմանին, որովհետև

Ոչ, երկուսն ընդդեմ մեկի հարաբերակցություն իսկապես կար: Բայց միայն ոչ հօգուտ հայկական շահերի. Փաշինյանը Ալիևի հետ ձեռք-ձեռքի տված դեմ էր հանդես գալիս ռուսական առաջարկին։ Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել Հովհաննիսյանի արտահայտությանը. «մենք հրապարակային համաձայնել ենք դրան»։ Հրապարակավ՝ միգուցե: Իսկ այ ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ արտահայտվել է բոլորովին այլ դիրքորոշում։ Եվ դա արվել է վաղուց, մինչև 2018 թվականը. համաձայնություն է տրվել Արցախի ամբողջական հանձնմանը՝ որպես բաղձալի իշխանությունը ստանալու պայման։ Իսկ հրապարակավ համաձայնել են, որպեսզի ոչ միայն խուսափեն կշտամբանքներից երկրի ներսում, այլև, գլխավորը՝ հետո մեղադրեն Ռուսաստանին. «չկարողացավ», իբր, պնդել իրենը։ Իսկ ակամայից առաջացող հարցը, թե՝ իսկ դո՞ւք ինչով էիք զբաղված, այստեղ պատեհ չէ, քանզի դավաճանների ոհմակը երբեք ոչ մի բանում մեղավոր չէ...

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում ներել Ռուսաստանին, որ իրեն թույլ չտվեցին միանգամից և ամբողջությամբ «ազատվել» Արցախից։ Նույնիսկ հրաժարվելով հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից՝ նա չհասավ նրան, ինչ ի սկզբանե խոստացել էր թուրքերին։ Ստիպված է «ավարտել» դա այսօր, բայց արդեն այն պայմաններում, երբ ռուսներն ամենևին չեն ցանկանում ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը։

Թեև դա էլ զուտ պայմանական է. կարգավիճակի հարցի սառեցումը բխում է հենց Ռուսաստանի խորքային շահերից, քանզի Փաշինյանի կողմից Արցախի հանձնումը անխուսափելիորեն դնում է խաղաղապահների դուրսբերման հարցը։ Եվ եթե թուրքական ծրագիրը հասցվի ավարտին, ապա շատ հնարավոր է, որ այդ հարցը Ալիևի և Փաշինյանի կողմից համատեղ բարձրացվի նախքան առաջին հնգամյա ժամկետի ավարտը. ընդհուպ մինչև այս տարեվերջին։ Ո՞վ և ի՞նչը կխանգարի, եթե դրա համար ձևականորեն ստեղծվում են և՛ իրավական, և՛ քաղաքական հիմքեր։

Այլ հարց է, որ Փաշինյան-Ալիև տանդեմի հակահայկական հրեշավոր ծրագրերի գործնական իրականացումը դեռ հեռու է, և անհամեմատ ավելի հավանական է, որ նրանց խաղաքարտերը խառնեն ինչպես արտաքին ուժերը, այնպես էլ ներհայաստանյան գործընթացները։

Վերջապես, ևս մեկ կարևոր պահ նիկոլական կամակատարի հայտարարության մեջ։ Նա բաց տեքստով, հրապարակավ ընդունում է, որ իշխանությունները Արցախի վերաբերյալ պաշտոնական, ընդգծում եմ, պաշտոնական դիրքորոշում չունեն։ «Եթե Ռուսաստանը կրկին դա առաջարկի և այս անգամ կարողանա պնդել, ապա Հայաստանը իր նախորդ առաջարկած կարծիքը չի փոխել այս մասով»,- հայտարարում է Հովհաննիսյանը: Այսինքն՝ եթե Մոսկվան պնդի, ապա Երևանն էլ չի առարկի, իսկ եթե չպնդի, ապա պետք էլ չէ. հարցն արդեն լուծված է։

Աբսո՞ւրդ։ Ո՜չ, պարզապես հայկական, ավելի ճիշտ՝ հակահայկական իրողությունների առօրյա, որին կարծես թե բոլորն արդեն շատ վաղուց վարժվել են…