Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ․ ԿԱ ՀՍՏԱԿ ՈՒՂԵԳԻԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՌԵՑՐԵԼ Է ԻՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՊԿ-ՈՒՄ
Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ կապված որդեգրել է որոշակի ռազմավարություն, կա հստակ գիծ՝ սառեցնելու ակտիվությունն այդ կազմակերպությունում, սակայն այլ հարց է, թե որքանով է այդ ռազմավարությունն արդյունավետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով Երևանից հնչող քննադատական հայտարարությունները և ռուսական կողմի արձագանքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22–ի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը դեռ որոշում չունի ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։ Օրեր անց Ռուսաստանի ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստում հայտարարեց ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին հայկական կողմի մասնակցության կարևորության մասին։
«Պարզ է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում այս կամ այն կառույցում միջոցառումներին մասնակցելու իր ատիվության աստիճանը, և Շոյգուի հայտարարությունից երևում է, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ կապված իրականացնում է որոշակի ռազմավարություն, սակայն այլ հարց է, թե որքանով է այդ ռազմավարությունն արդյունավետ։ Այդուհանդերձ կա հստակ ուղեգիծ, որովհետև ստեղծված իրավիճակում հայկական կողմի պասիվությունն ու Երևանից հնչող քննադատական հայտարարությունները վկայում են այդ մասին, և դա տեղի է ունենում բավականին երկար ժամանակ»,– ասաց Հարությունովը։
Ըստ փորձագետի` Ռուսաստանն իհարկե չի ցանկանում, որ Հայաստանն ինչ–որ կերպ դուրս մնա ՀԱՊԿ–ի միջոցառումներից և ակտիվություն չցուցաբերի կազմակերպության ներսում։ Նրա կարծիքով, Երևանի՝ նման վարքագծի հետևում կան որոշակի նպատակներ, որոշակի մեսիջներ` ուղղված Արևմուտքին։ Մյուս կողմից փորձ է արվում ինչ–որ կերպ ազդել ՀԱՊԿ–ի դիրքորոշումների վրա, որոնք առնչվում են մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։
«Իրականում Հայաստանի ղեկավարությունը դեմ չէր լինի փոխել ռուսական ուղեգիծը` ընդառաջ գնալով Արևմուտքին, բայց դա ենթադրում է երկկողմանի գործընթաց, այսինքն` նաև Արևմուտքը պետք է պատրաստ լինի որոշակի քայլեր անել, միջոցառումներ իրականացնել և անվտանգության երաշխիքներ տալ հայկական կողմին, բայց այս պահին նման իրավիճակ չկա։ Հենց դա է պատճառներից մեկը, որ Հայաստանը չի շտապում դուրս գալ ՀԱՊԿ–ից»,– նշեց մեր զրուցակիցը։
Հարությունովի դիտարկմամբ` Արևմուտքն իհարկե Հարավային Կովկասում մրցակցում է Ռուսաստանի հետ, նաև փորձում է դա անել համապարփակ անվտանգության դաշտում, սակայն այս փուլում խոսքն ավելի շատ վերաբերում է մասնակցությանը, այլ ոչ թե ՌԴ–ին տարածաշրջանից դուրս մղելուն, մանավանդ որ Արևմուտքը ներկայումս չունի համապատասխան լծակներ և ռեսուրսներ, որպեսզի ապահովի իր ուժային ներկայությունը։
«Արևմուտքում թերևս կա այն գիտակցումը, որ Հայաստանին անվտանգային երաշխիքներ տրամադրելը հղի է նաև Թուրքիայի հետ հավանական ռազմական բախմամբ։ Նման բան չեն ցանկանում հատկապես Եվրամիությունում։ Այս ամենը ենթադրում է, որ մեր տարածաշրջանում Արևմուտքի վարքագծի առումով դեռ չեն կարող լինել կտրուկ փոփոխություններ։ Մեզ համար հիմնական ռիսկն այն է, որ Հայաստանը մի կողմից անվտանգային երաշխիքներ չի ստանում Արևմուտքից, բայց մյուս կողմից էլ հարաբերությունները վատթարանում են ռուսական կողմի հետ»,– ասաց վերլուծաբանը։
Անդրադառնալով այն հարցին, որ Սուրեն Պապիկյանը չմասնակցեց ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, Հարությունովն ընդգծեց, որ այդ իրողությունը նույնպես պետք է դիտարկել նույն տրամաբանության մեջ։ Նա հիշեցրեց, որ դրանից առաջ էլ Հայաստանը հրաժարվեց իր տարածքում անցկացնել զորավարժություններ, իսկ հետո նաև առկախեց իր մասնակցությունը Ղրղզստանում կայանալիք զորավարժություններին։ Ըստ նրա` թեև պաշտոնական գնահատական չի հնչել, բայցևայնպես կարելի է ասել, որ Հայաստանը փաստացի դադարեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ–ում։
Մեկնաբանելով Սերգեյ Շոյգուի դիրքորոշումը, որի համաձայն` Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը, մեր զրուցակիցն ասաց, որ գլոբալ հակամարտության պարագայում Արևմուտքը դեմ չէր լինի ռուսական կողմի ներգրավվածությունն ու ակտիվությունը հասցնել նվազագույնի, բայց մյուս կողմից էլ Արևմուտքը պատրաստ չէ վերանայել կամ վերափոխել մեր տարածաշրջանում առկա անվտանգային համակարգը։
«Քանի որ Արևմուտքն այս պահին դրա համար չունի անհրաժեշտ լծակներ, հետևաբար անհեռատես քայլերը կարող են բերել քաոսային իրավիճակի։ Մյուս կողմից էլ հայտնի չէ, թե արևմտյան հարթակներում տեղի ունեցող բանակցություններում կոնկրետ ինչ է քննարկվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ։ Այստեղ թերևս կարող է խոսք լինել այլընտրանքային տարբերակների մասին, ինչի կապակցությամբ լիովին հասկանալի են ռուսական կողմի արձագանքները»,– ասաց Հարությունովը։
Նրա դիտարկմամբ` հայկական կողմը նույնպես հաճախակի հղումներ է կատարում ռուսական խաղաղապահ զորախմբին այն իրավիճակի համատեքստում, որն առկա է Լաչինի միջանցքում և առհասարակ Արցախի շուրջ, ինչն օբյեկտիվորեն օգտագործվում է արևմտյան լրատվամիջոցների կողմից։ Այդ քարոզչությունը բավականին ակտիվ կերպով իրականացվում է նաև մեր հասարակության ներսում, բայց որքան էլ լինեն քննադատության առիթներ, այնուամենայնիվ ռուսական զորախմբին ներկայումս որևէ այլընտրանք չկա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հունվարին հայտարարել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։
Զորավարժությունները, որոնք ի սկզբանե պետք է անցկացվեին Հայաստանում, կազմակերպվելու են Ղրղզստանում։
Հավելենք, որ Մինսկում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն նիստին մասնակցել է կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։