Եվգենի ՍԱՏԱՆՈՎՍԿԻ․ ԱՄՆ-Ն ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ՈՉ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՉԻ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ
Քըլըչդարօղլուն (Թուրքիայի գործող նախագահի գլխավոր քաղաքական մրցակիցը) ամերիկամետ է, այո։ Եվ Փաշինյանն է արևմտամետ, այո, բայց ոչ Հայաստանին, ոչ Թուրքիային ԱՄՆ-ն չի կերակրելու։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։
«Քըլըչդարօղլուն արդեն պատրաստվել է բարդացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, Փաշինյանն արդեն բարդացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե պատկերացնենք մի իրավիճակ, որի շրջանակում ԱՄՆ-ին կհաջողվի հասնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների սառեցման, գուցե և խզման, ապա Թուրքիան կմնա առանց այն ամենի, ինչ ունի Ռուսաստանից։ Դա վիթխարի հարված կլինի թուրքական տնտեսությանը, և Թուրքիան ամերիկացիներից ոչինչ չի ստանա։
Եվ Հայաստանը կմնա առանց այն ամենի, ինչ ունի Ռուսաստանից, և ոչինչ չի ստանա ամերիկացիներից։ Գուցե Քըլըչդարօղլուն ու Փաշինյանն անձամբ կստանան։ Բայց արդյո՞ք դա մեծ ուրախության կամ լավատեսության առարկա է Հայաստանում ապրող մնացած մարդկանց համար։ Համոզված չեմ»,- նշել է Սատանովսկին։