Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԲԱՔՎԻ ՀԱՅԱՍՊԱՆ ԲՌՆԱՊԵՏՆ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ՔԱՅԼԸ
Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ապօրինաբար և ինքնիրավչորեն ճանաչելուց հետո Բաքվի հայասպան բռնապետն այսօր կատարեց իր քայլը։ Հավաքական Արևմուտքի և ՌԴ-ի այդ սիրելին, Բերձորում ելույթ ունենալով, վերջնագիր ներկայացրեց արցախահայությանը, ըստ որի՝ Արցախի խորհրդարանը պետք է անհապաղ լուծարվի, նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է հանձնվի ադրբեջանական ուժերին, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները լքեն իրենց պաշտոնները։
Ալիևի խոսքերով, «միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող են թեթևակի զիջումներ լինել ու խոսք լինի համաներման մասին... Կա՛մ իրենք գլխիկոր կգան, կա՛մ այսուհետ իրադարձություններն այլ կերպ կզարգանան։ Բոլորը հիանալի գիտեն, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այս տարածաշրջանում ցանկացած ռազմագործողություն իրականացնելու»։
Ահա և ձեզ միանգամայն պարզ ու հստակ թուրքական պատասխան՝ Փաշինյանի զառանցած Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների և Արցախի հայության «անվտանգության երաշխիքների և իրավունքների» վերաբերյալ։
Իրականում խնդիրը ավելի քան սուր է դրված։ Ադրբեջանական հանցավոր բանակը ամեն վայրկյան կարող է լայնածավալ հարձակում ձեռնարկել Արցախի դեմ։ Եվ այդ ժամանակ հարցն այն չի լինելու, թե ինչ կանեն կամ չեն անի ռուս խաղաղապահները (չի բացառվում, որ մի կողմ քաշվեն ու դիտորդի դեր ստանձնեն, ինչպես և հաճախ նմանատիպ իրավիճակներում վարվել են շատ ուրիշ խաղաղապահ ուժեր տարբեր երկրներում)։
Մեզ համար ամենակարևոր հարցերը հետևյալն են.
1) այդ դեպքում կստանա՞ արդյոք Հայկական բանակն Արցախին օգնության հասնելու հրաման,
2) կդիմի՞ արդյոք Հայկական բանակն Արցախին օգնության, եթե այդպիսի հրաման չստանա քաղաքական ղեկավարությունից,
3) թե՞ գուցե ՀՀ ԳՇ-ում ու ՊՆ-ում որոշեն, որ ճիշտը տեղից չշարժվելն է և սուսուփուս հետևելը, թե ինչպես են թուրքերն Արցախն արյան մեջ խեղդելու և կազմակերպելու բնիկ հայության բռնագաղթը։
Վերջին՝ երրորդ հարցադրումին ինքս չեմ ուզում դրական պատասխան տալ ու չեմ կարող հավատալ, որ կարող է և այդպես լինել։
Բայց ժամանակն է, որ ՀՀ պետական վերին, միջին ու ստորին օղակներում բոլորն իրենք իրենց հենց այս նույն հարցերը տան՝ գիտակցելով, որ ԱՌԱՆՑ ԱՐՑԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՈՅԱՏԵՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։ Մի օր այս ռազմավարական ճշմարտությունը պետք է մտնի հայ չինովնիկի ուղեղալվացքի ենթարկված գլուխը, և այդ օրը՝ հիմա է։
Հ.Գ. Շատ հավանական է, որ թուրքերը սպասում են առաջիկա օրերին կամ շաբաթներին ռուսների դեմ ուկրաինական բանակի մեծ հակահարձակմանը, որպեսզի ընդհանուր միջազգային թոհուբոհի մեջ իրենց ներխուժումն ու վայրագությունները քիչ ուշադրության արժանան։ Ուստի պետք է չափազանց աչալուրջ լինել և պատրաստվել ամենավատթար սցենարներին։ Ես հավատում եմ հայ զինվորին։
Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ