Թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել Էրդողանի հաղթանակից հետո

Թուրքական լիրան ռեկորդային նոր ցածր մակարդակի է հասել երկուշաբթի, քանի որ երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր համար ապահովել է հաղթանակ 2023թ. նախագահական ընտրություններում, տեղեկացրել է CNBC-ն։

Արժույթը կարճ ժամանակով հասել է մեկ դոլարը 20,0608-ի երկուշաբթի, առավոտյան ժամը 11.00-ին։

«Մենք բավական վատատեսական կանխատեսում ունենք թուրքական լիրայի առումով, քանի որ Էրդողանը պահպանում է իր պաշտոնն ընտրություններից հետո»,- ասել է Wells Fargo-ի տնտեսագետ և արժութային ստրատեգ Բրենդան Մակքենան CNBC-ի հարցազրույցում։

Մակքենան կանխատեսել է, որ լիրան դոլարի հանդեպ կհասնի նոր ռեկորդային ցածր մակարդակի՝ 23, երկրորդ եռամսյակի վերջին, իսկ հետո՝ 25-ի արդեն եկող տարի։ Վերջին հինգ տարում այն կորցրել է իր արժեքի մոտ 77 տոկոսը։ Թուրքիայի դրամավարկային և տնտեսական քաղաքականության շրջանակները, նրա կարծիքով, ուժի մեջ կմնան նաև հետագայում։

Թուրքիայի դրամավարկային քաղաքականությունը շեշտը դնում է տնտեսական աճի և արտահանման համար մրցակցության, այլ ոչ թե գնաճը զսպելու վրա, և Էրդողանը հետևում է ոչ սովորական տեսակետի այն մասին, որ տոկոսադրույքի ավելացումը կխորացնի գնաճը, հիշեցրել է ԶԼՄ-ն։

News.am