Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ՓՈՒԼԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Մոլդովայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում գուցե քննարկվի կամ ստորագրվի շրջանակային փաստաթուղթ, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Օրերս «Reuters» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային, գրել էր՝ հնարավոր է` հունիսի 1-ին Մոլդովայում Ալիևն ու Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր ստորագրեն։ Սակայն ՀՀ արտգործնախարարությունից Sputnik Ամենիային հայտնեցին, որ քիշնևյան բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ։ Փաշինյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին։
«Կարծում եմ` խոսքը ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է, այլ շրջանակային, փուլային փաստաթղթի, այսինքն՝ խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթները գուցե լինեն։ Գուցե Քիշնևում քննարկվի կամ փաստաթուղթ ստորագրվի խաղաղության պայմանագրի ճանապարհային քարտեզի վերաբերյալ, որտեղ նշված կլինեն ժամկետները, պատասխանատուները։ Պատահական չէ, որ հայկական կողմ էլ դա հերքեց՝ ասելով, որ այդ պայմանագրի շուրջ չկա պատրաստի որևէ նախագիծ, որի շուրջ կարելի է խոսել որպես վերջնական տարբերակ և ստորագրել այն»,- նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգը նաև անդրադարձավ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած այն հայտարարությանը, որտեղ Լեռնային Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, բոլոր պաշտոնյաներին էլ կոչ էր արել հրաժարվել պաշտոններից՝ անվանելով դա «միակ ճանապարհը, որով նրանք կարող են համաներում ստանալ»։ Ադրբեջանի ղեկավարը նաև նշել էր, որ ԼՂ-ում բնակվող հայերին վերաինտեգրման հարցը քննարկելու 3-րդ առաջարկ չի լինելու և սպառնացել էր ռազմական օպերացիայով։
Հակոբյանը նշեց, որ իր կարծիքով` եռակողմ հանդիպման ժամանակ, երբ ընդամենը 20 րոպե է տևել քննարկումը, գուցե ի սկզբանե կողմերն իրենց մոտեցումների շուրջ համաձայնության չեն եկել։
«Կարծում եմ, որ կողմերի պատկերացումները հարցերի շուրջ դիամետրալ հակառակ են եղել, կամ շատ հարցեր արդեն պայմանավորվել են Պուտին-Ալիև և Պուտին-Փաշինյան հանդիպումների ժամանակ ու եռակողմ հանդիպմանն ուղղակի արձանագրել են դրանք։ Մոտեցումները հիմնականում կոմունիկացիաների շուրջ են եղել, բայց խնդիրը նաև Արցախում ՊԲ զինաթափման մասին էր։ Այդ հանդիպումից մի քանի օր հետո Ալիևը հանրայնացրեց իր այդ մտքերը։ Նա պահանջեց, որպեսզի զինաթափվեն զինված ստորաբաժանումները»,- նշեց Հակոբյանը։
Փորձագետը վստահեցրեց՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն անգամ միջազգային ատյաններում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, ապա Ալիևի քայլերը միանգամայն տրամաբանական են։ Ստացվում է՝ եթե ՀՀ-ն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա իրենց երկրի սուվերենությանը բնորոշ «ատրիբուտներ» կներդրվեն։
Առաջին քայլը, ըստ քաղտեխնոլոգի, Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումն է եղել, հաջորդ քայլն էլ կլինի մաքսային, սանիտարական վերահսկման կետեր տեղադրելը, կտեղակայվեն նաև սահմանապահ ստորաբաժանումներ և այլն։
Հակոբյանի խոսքով` հավանաբար հետագայում կբարձրացվի նաև Արցախում բնակվող անձանց անձնագրի հարցը։ Հնարավոր է` պաշտոնական Բաքուն թույլ տա, որ արցախցիներն ազատ լքեն հանրապետության տարածքը, սակայն վերադառնալը կարող է խնդիր լինել։ Ըստ Հակոբյանի՝ գուցե արցախցիներին պարտադրեն ընդունել ադրբեջանական քաղաքացիություն, կամ վիզային ռեժիմ կսահմանվի։
Ինչ վերաբերում է Արցախի տարածքում ՌԴ խաղաղապահների գտնվելու հարցին, Հակոբյանը շեշտեց, որ այդ հարցը դեռևս ոչ ոք չի բարձրացնի։
«Ես մտավախություն ունեմ, որ այն բանից հետո, երբ դե յուրե Հայաստանն Արցախը ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ուշ թե շուտ այդ հարցը (Արցախից ՌԴ խաղաղապահների դուրս գալը. խմբ․) դրվելու է։ Ասվելու է, որ այն հայտարարությունը, որով ռուս խաղաղապահներն այնտեղ են, եռակողմ է, և եթե անգամ 1 կողմը դեմ լինի դրան, ապա ռուս խաղաղապահները դուրս կգան»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։