Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ․ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ» ՀԵՏ ԵՆ ՔԱՇՎՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ պահանջներով դիմել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին: Ե՛վ ձևով, ե՛ւ էությամբ դրանք ավելի շուտ վերջնագիր են հիշեցնում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը

«Դիտարկենք իրադարձությունների ընդհանուր սյուժեն և դրանց սիմվոլիկան։ Մայիսի 28-ը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում պատմական կարևոր ամսաթիվ է։ 105 տարի առաջ ադրբեջանական և հայկական ազգային շարժման առաջնորդները հռչակեցին առաջին ազգային պետությունները՝ հանրապետությունները, որոնք փաստացի առաջին օրվանից պայքար մղեցին իրենց հողերի համար։ Կովկասի խորհրդայնացումը համընկել է այդ տարածաշրջանում «գլխավոր սահմանազատման» ժամանակահատվածի հետ։ Սակայն «պերեստրոյկայի» սկսվելուն պես «հողային հարցը» կրկին սրվեց։

Եվ առ այսօր այն լուծված չէ, որքան էլ «դիրքորոշումների մերձեցում» արձանագրեն միջնորդները հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում։ Մայիսի 28-ին Հայաստանում հիշում են Սարդարապատի ճակատամարտի հերոսներին, երբ 105 տարի առաջ դադարեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի հայկական տարածք: Ադրբեջանում տոնում են անկախության օրը, ներկայիս պետությունը համարվում է «առաջին հանրապետության» իրավահաջորդը: Այդ օրը Իլհամ Ալիևն այցելել է Լաչին (ավելորդ է բացատրել այդ բնակավայրի հատուկ նշանակությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում)։ Այնտեղ նա փաստացի առաջ է քաշել իր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։

Ալիևի խոսքով՝ անջատողականության ու իրրեդենտիզմի («միացում»-ի գաղափարը, այսինքն՝ Հայաստանը չճանաչված ԼՂՀ-ի հետ միավորելը) վերջը եկել է։ Եվ Ղարաբաղի իշխանություններին նա խորհուրդ է տվել «աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները և ցրել խորհրդարանը»։ Խոսքն, ըստ էության, անվերապահ կապիտուլյացիայի պահանջների մասին է։ Ալիևը կարծում է, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, որոնք նա որակել է որպես «արդար»։

Մինչդեռ խոսքը միայն աշխարհաքաղաքական սիմվոլիզմի մասին չէ։ Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ ուժի և կոշտ հռետորաբանության է դիմում դիվանագիտական բանակցությունների հերթական փուլից առաջ կամ անմիջապես հետո։ Ահա և հիմա նրա ղարաբաղյան վերջնագիրը հնչեց Մոսկվայում բարձր մակարդակի բանակցություններից հետո և Քիշնևում եվրոպական քաղաքական հանրության խորհրդակցության նախաշեմին։ «Կարմիր գծերը» հետ են քաշվում, տեղի է ունենում հակառակորդի և միջնորդների դիրքերի շոշափում։ Եվ դա արդյունք է տալիս: Բաքուն և Երևանն այսօր տարբեր կերպ են զգում ժամանակի ընթացքը։ Ադրբեջանը շտապում է և չի ցանկանում 5 կամ 10 տարի սպասել հակամարտության վերջնական կարգավորմանը, մինչդեռ Հայաստանը, ընդհանուր առմամբ, շտապելու տեղ չունի։ Ռևանշի ռեսուրս չկա, իսկ նոր զիջումները, ինչպես կարծում են Երևանում, կարող են և սպասել»։

News.am