Համայնքապետ․ Սոթքի բնակիչներն հայտնվել են անելանելի վիճակում

«Սոթքի հանքավայրի տնօրինության երեկ արված հայտարարությունն այն մասին, որ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ, ոսկու բաց հանքը կփակվի, անակնկալի է բերել համայնքի բնակիչներին։ Չունենալով ֆինանսական եկամուտի այլ աղբյուրներ և լինելով ծանր վարկերի տակ՝ այդ մարդիկ հայտնվել են անհաղթահարելի ֆինանսական ճգնաժամի առաջ և չգիտեն ինչ անեն»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Կառավարության հետ կասկածելի գործարքների գործընկեր Ռոման Տրոցենկոյի ղեկավարած ընկերությունը երեկ պաշտոնապես հաստատեց Սոթքի բացի հանքի շահագործման դադարեցումը.«Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասվում էր հայտարարության մեջ։

Համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանն նշում է՝ նախօրեից համայնքապետարանում քննարկումներ են սկսվել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, երբ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղվածության աղբյուրը Սոթքի ոսկու հանքն էր ապահովում. «Հիմա մենք՝ բոլորով, կանգնել ենք անորոշ մի իրավիճակի առաջ՝ ի՞նչ անել։ Այդ մարդիկ մեծ թվով վարկեր ունեն, ընտանիք են պահում, իսկ համայնքում զբաղվածության և եկամուտի այլ աղբյուր, բացի Սոթքի հանքից, չկա։ Բոլորս հայտնվել ենք անոորոշության մեջ, չգիտենք ինչ անենք։ Այս պահի դրությամբ էլ, ելքեր՝ ստեղծված իրավիճակից չենք տեսնում»։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, թե ֆորս – մաժորի պատճառաբանությամբ փակված ոսկու հանքն, իրականում, հանձնվել է ադրբեջանական կողմին, այսինքն՝ հանքավայրի ուղղությամբ պարբերարաբար հնչող թշնամու կրակոցները, հենց, այս նպատակն էին հետապնդում՝ ավարտին հասցնել բաց հանքի ամբողջական փակումը, Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը պատասխանում է՝ ինքը նման տեղեկություններ չունի։