Արցախի ՄԻՊ․ Համաներման մասին ԱՄՆ պետդեպի հայտարարությունը պարզաբանման կարիք ունի

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որում նա ողջունել էր Ադրբեջանի նախագահի՝ Արցախի պաշոտնյաներին համաներելու մասին հայտարարությունը:

«Զարմանալի է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից Ադրբեջանի նախագահի՝ համաներման մասին հայտարարությունը ողջունելը:

Այն հավելյալ պարզաբանման կարիք ունի: ԱՄՆ-ն, որը հայտարարում է, թե կողմնակից է տարածաշրջանում խաղաղությանը և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության օրակարգով է առաջնորդվում, փոխարենը դատապարտի Ադրբեջանից հնչող սպառնալիքները, գոհունակություն է արտահայտում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության հետ կապված»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գեղամ Ստեփանյանը:

Արցախի պաշտոնյան հիշեցրեց՝ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, որը տիրապետում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր նրբություններին, հետևաբար զարմանալի է Պետդեպի այդ հայտարարությունը:

«Համաներում են տալիս հանցագործին, դատապարտյալին: Ի՞նչ է նշանակում ողջունել համաներման մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: ԱՄՆ-ն այս տարածաշրջանում և ղարաբաղյան հակամարտության համատեքստում նոր դերակատար չէ:

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահության ընթացքում ձևավորվել են հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, որոնցից մեկը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, և նույն ԱՄՆ համանախագահը տարբեր առիթներով այցելել է Արցախ, հանդիպել իշխանությունների հետ, նաև պատերազմից հետո է նման հանդիպումների հնարավորություն եղել: Խիստ խնդրահարույց է Պետդեպի հայտարարությունը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Аlphanews.am