ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԱՊ ՀՈՂՄԱՂԱՑԸ

Հավելյալ գումարներ հատկացրեցին միլիարդները քամուն տվող գերատեսչությանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սիրում է դատողություններ անել տնտեսվարող սուբյեկտների արդյունավետության ու արտադրողականության մասին, բայց չէ՞ որ այդ համատեքստում կարելի է հարց բարձրացնել նաև իր ղեկավարած կառույցի վերաբերյալ…

Հայաստանի տնտեսության, արդյունաբերության և գյուղատնտեսության իրական մասնահատվածում տիրող վիճակն առավել քան տագնապահարույց է նույնիսկ արտաքին բարենպաստ հանգամանքների խորապատկերին: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 4 ամսվա արդյունքներով նվազել է մինչև տարեկան 2,4%-ի, չնայած այն հանգամանքին, որ առաջին եռամսյակում կազմել է 3,6%: Եվ դա այն խորապատկերին, երբ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են բարբառել ինչ-որ նոր արդյունաբերական քաղաքականության մասին, որը իրենք «հետևողականորեն իրականացնում են»։

Նույնպիսի քաղաքականություն են, ի դեպ, իրականացնում նաև գյուղատնտեսության մասով, բայց այստեղ ևս ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով աճն արտահայտվել է է՛լ ավելի համեստ 1,4%-ով։ Ըստ էության, հարկատուների գրպանից միլիարդավոր դրամներ փոշիացվել են ապիկար Էկոնոմիկայի նախարարությունում մշակված տասնյակ անարդյունավետ ագրարային ծրագրերի վրա։ Ի դեպ, արդեն ինքը՝ վայ-վարչապետն էլ չի կարողանում թաքցնել այն աղետալի վիճակը, որը քրոնիկ կերպով հետապնդում է գյուղացիներին, որոնց նա զգուշացրեց նաև ջրի պակասի խնդրի մասին։ Մինչդեռ նոր արդյունաբերական քաղաքականության արդյունավետ իրականացումն իշխանությունը, ըստ երևույթին, չի պատկերացնում առանց սիրողական հեծանվային մրցարշավների, որտեղ կիրակի օրը Փաշինյանի կողքին ներկա էր ամենահաս Քերոբյանը՝ աութսայդերի կապույտ շապիկով։

Այսպիսով, էկոնոմիկայի նախարարը նշյալ ոլորտում պարծենալու առանձնապես ոչինչ չունի, ուստի կայուն տպավորություն է ստեղծվում, որ անցած տարի այդ գերատեսչության ծախսերը 22,5%-ով ավելացնելը՝ նախորդ տարվա համեմատ, հետևանքն է Փաշինյանին Վահան Քերոբյանի ջերմեռանդ, եթե չասենք՝ շնային, նվիրվածության (ներողություն եմ խնդրում կոպիտ արտահայտվելուս համար)։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքերով, ի սկզբանե նախատեսված էր Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 42,2 մլրդ դրամ, սակայն գերատեսչության փաստացի ծախսերը կազմել են 53 մլրդ դրամ: Ավելին, «տարվա ընթացքում կատարվել են ճշգրտումներ, և նախարարության բյուջեի ճշտված պլանը կազմել է 55,7 մլրդ դրամ, որի իրականացումը կազմել է 95%»,- տեղեկացրեց ֆինանսների նախարարը:

Սույն պարոնը մայիսի 30-ին խորհրդարանում 2022թ. պետբյուջեի կատարման մասին լսումների ժամանակ հերթական անգամ հրամցրեց ճղճիմությունների ու բացահայտ ստերի մի ամբողջ փունջ, ըստ երևույթին չցանկանալով մի քայլ անգամ հետ մնալ ապատեղեկատվությունից ու մանիպուլյացիաներից, որոնք լիառատ են իր սիրելի շեֆի ցանկացած ելույթում։

Այսպես, Քերոբյանը հայտնեց, որ եթե 10 տարի առաջ միջին վիճակագրական զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 ԱՄՆ դոլար, ապա այժմ՝ 1200 դոլար։ Պարզապես ապշեցուցիչ է, որ ՔՊ-ականների կողմից տնտեսությամբ զբաղվելու դրված մարդը պատկերացում չունի գնաճի և վերջին 10 տարում ամերիկյան արժույթի գնողունակության սաստիկ անկման մասին, այլապես չէր ներկայացնի դա որպես Հայաստանի կառավարության ձեռքբերում, որն ինչ-որ հրաշքով դրդել է զբոսաշրջիկներին ավելի շատ ծախսել։ Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների թվի առումով Քերոբյանի խոստացած ռեկորդային 2023 թվականին, ապա նա ձևացնում է, թե տեղյակ չէ Հայաստան այցելությունների աճի իրական պատճառի՝ աշխարհաքաղաքական օբյեկտիվ ցնցումների մասին։

Ներդրումների մասով էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, թե 2022 թվականի արդյունքներով դրանց համախառն կուտակումը կազմել է 1 տրլն 845 մլրդ դրամ, իսկ ՕՈՒՆ-ը (օտարերկրյա ուղղակի ներդրումները) ընդհանրապես մոտեցել է ռեկորդային մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի։ Ինչպես միշտ, հարց է առաջանում. որտեղի՞ց է Քերոբյանը (ինչպեսև Փաշինյանը) որսում հնչեցվող թվերը։ Վիճակագրական կոմիտեն այս առնչությամբ խորիմաստ լռություն է պահպանում։ Իսկ այ ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որը տնտեսական գրագիտությամբ մեծապես գերազանցում է էկոնոմիկայի նախարարին, վերջերս հաշվարկել է, որ 2022 թվականին հայկական տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների անխառն ներհոսքը... կրճատվել է 6%-ով կամ 32 մլն դոլարով։ Ինչ վերաբերում է ՕՈՒՆ-ին, ապա դրանք իսկապես փոքր-ինչ ավելացել են հիմնականում էլեկտրա և գազամատակարարման ոլորտներում վաղօրոք նախատեսված և պարբերական բնույթ ունեցող ներդրումների հաշվին։ Ուշադրություն ենք հրավիրում. ՕՈՒՆ-ը «մի քիչ ավելացել է», այլ ոչ թե պատմական ռեկորդներ սահմանել, ինչպես փորձում է տպավորություն ստեղծել Քերոբյանը։ Եվ իմիջիայլոց, ի գիտություն էկոնոմիկայի նախարարի, Ռուսաստանից հեռացած օտարերկրյա ներդրողները միայն մեկ տարում իրենց հետ տարել են 36 մլրդ դոլար։ Կխնդրենք մտորել այդ մասին հանգստի պահին՝ հեծանվահրապարակում, սահադաշտում կամ տնտեսության հետ ոչ մի կապ չունեցող որևէ այլ միջոցառման ժամանակ։

Վերջում կցանկանայի մաղթել Փաշինյանին, Քերոբյանին և ընդհանրապես մեր երկրի գլխին անթիվ և շատ առումներով անդառնալի աղետներ բերած բոլոր ՔՊ-ականներին կորչել... դե, հենց թեկուզ Գայանա, որը աշխարհում առաջատարն է տնտեսական աճով (57% )։ Այնտեղ հանկարծ նավթ են հայտնաբերել։ Իսկ Հայաստանն իր 4-րդ տեղով ակնհայտորեն չի համապատասխանում իշխանության ռեկորդակիրներին։ Մանավանդ որ մեզանում տնտեսության 12,6% աճն ամենևին էլ կառավարության խելամիտ գործունեության հետևանքը չէ. Հայաստանում, ի տարբերություն Գայանայի, անցյալ տարի հանկարծ հայտնաբերեցին ոչ թե նավթ, այլ... վերաբնակներ: