Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ 2018-Ի ԱՊՐԻԼՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԻՂ ՀԵՏԵՎԱՆՔՆ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ 44-օրյա պատերազմը 2016 թվականի ապրիլյան պատերազմի շարունակությունն էր: «Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից», - նշել է Փաշինյանը։

Նախկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հաճախ էին հայտարարում, որ 44-օրյա պատերազմի մեղավորները եղել են նախկինները, սակայն վերջերս մի քանի անգամ Փաշինյանը հիմնական մեղավորությունը, կարծես, բարդում է հենց Սերժ Սարգսյանի վրա:

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ուղիղ հետևանքն էր.

«Ինչո՞ւ է թիրախավորում Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։ Երևի մտածում է, որ արմատական և կառուցվածքային ընդդիմության հիմնական ուժերից մեկը Հանրապետականն է և Սերժ Սարգսյանը, որը վերջին հինգ տարիներին ֆունդամենտալ կերպով եղել է իր դիրքերում: Եվ առ այսօր, այն խնդիրները, որոնք ՀՀԿ-ն բարձրաձայնել ու մատնանշել է, ցավոք, սխալ դուրս չի եկել: Եվ հիմա նրանք շատ լավ հասկանում են, որ էլի ՀՀԿ-ն է, որ անընդհատ թմբկահարում է հաջորդ կապիտուլացիայի մասին և արդեն իսկ Հայաստանին հասցվող ծանրագույն վտանգները: 44-օրյա պատերազմը 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ուղիղ հետևանքն է, այլ ոչ թե 2016 թվականի ապրիլյան պատերազմի: Նիկոլը ճիշտ է ասում, ուղղակի 2 տարի հետ է գնացել, այնինչ պետք է բարի լինի և ասի, որ իրենք են բերել պատերազմը: Ես այս իմ ասածները կարող եմ ապացուցել ՄԱԿ-ի ամբիոնից սկսած մինչև Նիկոլենց գյուղի գյուղսովետի ժողով»:

Զաքարյանի խոսքով՝ եթե չլինեին 2018-ապրիլյան դեպքերը, չէր լինի նաև 44-օրյա պատերազմը. «Եթե Նիկոլը ժողովրդին մոլորության մեջ չգցեր և չհաներ պետության դեմ ու չսկսեր հակաղարաբաղյան ու հակապետական շարժումը, պատերազմ չէինք ունենա: Խեղճ ժողովուրդը մտածում էր, որ հօգուտ իրեն է լինելու, բայց ընհդակառակը դուրս եկավ՝ հօգուտ թշնամու եղավ»:

Անդրադառնալով 2018 թվականին Սերժ Սարգսյանի՝ բանակցությունների մասին հայտարարություններին, Արտակ Զաքարյանը նշեց. «Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է, որ Ադրբեջանի պատճառով բանակցությունները փակուղային են և լավատեսություն չեն ներշնչում: Հիմա՝ ում կիսատ ուղեղն ինչ ենթադրություններ է այդտեղից արել, դա արդեն իրենց գործն է: Հստակ էր, որ այդտեղ խոսքը բանակցային գործընթացի մասին էր, որտեղ Ադրբեջանն ինքն իրեն դրել էր փակուղու մեջ, որովհետև այլևս հակադրելու որևէ ռեսուրս չուներ: Սարգսյանի հայտարարությունն ամենևին էլ պատերազմի անոնս չի եղել»:

Aysor.am