Ալեքսեյ ՄՈՒԽԻՆ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՐՏԱԳԱՂԹԸ ԱՂԵՏ ԿԴԱՌՆԱ

Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթը, եթե դա տեղի ունենա, սարսափելի աղետ կդառնա։Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Քաղաքական տեղեկատվության կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության մուլտիմեդիա հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։

Փորձագետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ցավալիորեն և կասկածելիորեն հիշեցնում է 2014-2016 թվականների իրավիճակը Դոնբասում, երբ ուկրաինական իշխանությունը մի կողմից Մինսկի բանակցություններում խոսում էր Դոնբասի պաշտոնական կառույցների հետ, մյուս կողմից՝ տեղում ամեն կերպ անտեսում էր դրանք: Բաքվի իշխանությունը (Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու սցենարի դեպքում – խմբ.) անտեսելու են Լեռնային Ղարաբաղի պաշտոնական մարմինները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Ադրբեջանական ղեկավարությունը ճնշելու է հայերին Հայաստանի տարածք դուրս բերելու համար, իմ կարծիքով, սարսափելի դիսոնանս կառաջանա։ Չէ՞ որ պետք է հասկանալ, որ ղարաբաղցիները շատ ռազմատենչ ժողովուրդ են ու կապված են իրենց հողին։ Պարտադրանքով ելքը աղետալի կլինի», - ասել է Մուխինը։

Փորձագետ, «Նորագույն պետությունների կենտրոնի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը նույնպես կարծում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ հայերի զանգվածային արտագաղթ չի լինի իրենց հայրենի հողերից:

«Կան տեղական ավանդույթներ, որոնք հարյուրավոր տարիների պատմություն ունեն։ Եվ այն բանից հետո, երբ բոլորը սկսեցին բրիտանական կոստյումներ ու ֆրանսիական փողկապներ հագնել, ոչինչ չփոխվեց։ Եվ եթե Եվրամիությունից ինչ-որ երաշխիքներ ակնկալենք, նրանք իրենց սեփականը չեն կարող երաշխավորել», - ասել է Մարտինովը՝ կոչ անելով հաշվի նստել այն մարդկանց անհանգստության հետ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում և որոնք բազմիցս զենքը ձեռքին պաշտպանել են իրենց հողը։

Sputnik Արմենիա