Քյարամյան․ Դիլիջանի քրեականի պետի նկատմամբ հետապնդում չհարուցելը հակասում է մեր մոտեցմանը

Դիլիջիանի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը հակասում է քննչական կոմիտեի մոտեցումներին։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նրա խոսքով` օրենքը տալիս է այդ հնարավորություն, որ առաջին անգամ ոչ մեծ և միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սակայն այս լիազորությունն ու հնարավորությունը հայեցողական են։ Կայացված որոշումը քննչական կոմիտեի տիրույթից դուրս է, որովհետև մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել։

«Մենք չենք ընդունում և ընդհանուր մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների հանդեպ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»,– նշեց Քյարամյանը։

Նա հավելեց, որ դատախազությունը ևս կիսում է այս կարծիքը, և վերադաս դատախազն արդեն վերացրել է հսկող դատախազի կայացրած որոշումը` քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

«Գիտեմ, որ հանրության շրջանակում բացասական արձագանք կա այդ տեսանյութի տարածումից հետո, ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրության այն շրջանակներից, ովքեր այս դեպքով, միգուցե նաև հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,– ասաց Քյարամյանը։

Նա նշեց, որ գործի նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք` սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետը Հաղարծին հյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա մատուցողին։

Հետո ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ 16–ամյա տղային ծեծած Ա.Ղ.–ն համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք։ Նա հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել գործուն զղջալու հիմքով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ դեմ է արտահայտվել հսկող դատախազի որոշմանը և բեկանել է այն։

Sputnik Արմենիա