Սարսանգի ջրամբարը ցամաքեցման եզրին է
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով էներգետիկ ամբողջ ծանրաբեռնվածությունը Սարսանգի ջրամբարի վրա է արդեն մոտ կես տարի։ Այս ամբողջ ընթացքում ջրամբարի վրա առկա գերծանրաբեռնվածությունը հագեցրել է ջրի՝ մեծ քանակությամբ կորստի, և լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի էներգետիկ միակ ռեսուրսը գրեթե ցամաքեցման եզրին է։
«Սպառնացող Էկոլոգիական աղետը պայմանավորված կլինի հիմնականում ջրամբարի կենսաբազմազանության ոչնչացմամբ։ Ջրամբարի կառուցմամբ նոր էկոլոգիական համակարգ էր ձևավորվել։ Այստեղ կային Արցախում հայտնի 17 ձկնատեսակներից 12-ը, որոնց թվում են նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Վտանգված են նաև երկկենցաղները, օրինակ՝ տրիտոնը, որը գրանցված է միջազգային Կարմիր գրքում։ Ափամերձ տարածքներում առկա բուսականությունը ևս ահագին տուժել է ջրի մակարդակի իջեցման հետևանքով։ Այսինքն՝ ջրամբարի էկոլոգիական համակարգը փլուզվում է»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արցախի բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վահրամ Հայրապետյանը։
Իր էկոհամակարգով էկոլոգիական ծանր վիճակում հայտնված Սարսանգի ջրամբարը սնուցող հիմնական աղբյուրը Թարթառ գետն է, որը հոսում է օկուպացված Քարվաճառի տարածքով։ Գետի վիճակի մասին, բնականաբար, որևէ տեղեկություն չունեն Արցախում։ Հայրապետյանը միայն արձանագրում է, որ գետը բավականին բարակել է։
Որոշ տարածքների աղբյուրներ ևս ցամաքելու են։ Դա անխուսափելի է։ Թարթառի աջ հովտում մի քանի գյուղեր կան, որտեղ աղբյուրներ էին ձևավորվել, դրանք, ըստ ամենայնի, կցամաքեն»,-նշում է Հայրապետյանը։
Թարթառ գետը գերազանցապես որպես էներգետիկ ռեսուրս էր ծառայում արցախահայության համար նաև նախքան 44-օրյա պատերազմը։
Դեռևս խորհրդային տարիներին գետի ջրով ոռոգվում էին Մարտակերտի շրջանի որոշ հողատարածքներ՝ ընդհանուր առմամբ 10-12 հազար հա մակերեսով։ Գետի ջրային պաշարը հիմնականում Ադրբեջանն էր օգտագործում, 2020թ․ պատերազմից հետո՝ առավելևս։