Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՉԿԱՆ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆԿԼԱՎՆԵՐ
Եթե նա ասում է, որ Հայաստանը պետք է ստանա կադաստրային փաստաթուղթ, ապա դրանով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի, քանի որ առանց տարածքի չի կարող լինել անկախ պետություն։ Այս մասին հունիսի 2-ին կայացած քննարկման ժամանակ ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը լուծում է մի խնդիր, որը կապ չունի հայ ժողովրդի շահերի հետ, իր քաղաքականությունը կապված է միայն սեփական աթոռը պահելու ցանկության հետ։
Նա վստահ է, որ Փաշինյանի պահվածքը կապված է թե՛ անտեղյակության, թե՛ դավաճանության հետ։
«Փաշինյանն ասում է, որ ցանկացած պետություն կարող է գալ և խնդրել մեզ, որ հեռանանք մեր տներից։ Սա խոսում է այն մասին, որ նա չի հասկանում, թե ինչ է անկախ պետությունը։
Բայց նրան պետք է բացատրեին, որ երբ դառնում ես ՄԱԿ-ի անդամ ու դիվանագիտական հարաբերություններ ես հաստատում այլ երկրների հետ, դու արդեն ճանաչված պետություն ես։ Սա կախված չէ հարևանների հետ քո ունեցած հարաբերություններից և նրանից, թե ձեր սահմանները սահմանազատված են, թե ոչ: Փաստացի սահման կա և այն անձեռնմխելի է։ Սա նշանակում է, որ անընդունելի է այդ սահմանները փոխելու համար ուժի կիրառումը։
Փաշինյանն վկայակոչեց այն, որ Հայաստանը 1991 թվականին ստորագրել է Ալմա Աթայի հռչակագիրը, որն իբր նշանակում է ԼՂ-ի ճանաչում որպես Ադրբեջանի մաս, և մենք իբր պետք է վերադառնանք խորհրդային հանրապետությունների սահմաններին։ Սակայն մինչև 1993 թվականը Բաքուն չէր վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը և ԱՊՀ անդամ չէր։
Հետևաբար, եթե նույնիսկ Ալմա Աթայի հռչակագիրը մեկնաբանվել է այնպես, որ մենք ճանաչում ենք Ղարաբաղը որպես որևէ պետության մաս, ապա պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը հռչակագրի ստորագրման պահին չի եղել ԱՊՀ անդամ, որի շրջանակում ստորագրվել է այս փաստաթուղթը։
Տարածքային ամբողջականության ճանաչումը կապ չունի սահմանների ճանաչման հետ։ Վերջինս ԱՊՀ շրջանակներում տեղի է ունեցել 1993 թվականի հունվարին, երբ ընդունվեց Կանոնադրությունը։ Բաքուն սրա հետ էլ կապ չունի, քանի որ ԱՊՀ անդամ է դարձել միայն նույն տարվա սեպտեմբերին։ Ուստի Փաշինյանի հայտարարությունը, թե 1991 թվականի հռչակագրով նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները դարձել են պետական սահմաններ, հիմք չունի։ Հռչակագրում նման բան չկա»,- նշեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մեղքը նախկինների վրա բարդելու և պատասխանատվությունից ազատվելու համար։
«Հայաստանի տարածքում, այսպես կոչված, ադրբեջանական անկլավներ չկան։ Եթե Փաշինյանը կարծում է, որ կարող է հեշտությամբ Ադրբեջանին հանձնել Տիգրանշենը կամ այսպես կոչված Տավուշի մարզի ադրբեջանական անկլավները, ապա նա պետք է հաշվի առնի, որ դա կնշանակի Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխություն։ Իսկ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է փոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Ուստի Փաշինյանը ամեն ինչ կանի, որ գործը դրան չհասնի»,- ընդգծեց նա։
Նա խնդրի լուծումը տեսնում է պայքարի ու քաղաքացիական անհնազանդության մեջ՝ դա անվանելով ժողովրդի բնական իրավունք, եթե այլ միջոցները սպառվել են։
«Բայց դժգոհ քաղաքացիները դուրս կգան փողոց, եթե լինի շարժիչ ուժ։ Նման ուժերի համախմբումը պետք է լինի թիվ մեկ խնդիր։ Մեր պետականությունը վտանգի տակ է, և այս գործընթացի ավարտին քիչ ժամանակ է մնացել։ Դա դրսևորվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Արցախից։ Հայաստանի առաջ պատմական պարտավորություն կա, և եթե նա չպայքարի Արցախի համար, ապա Հայաստանը նույնպես դատապարտված է։ Իշխանափոխությանն այլընտրանք չկա, քանի որ նրանք Հայաստանի շահերից բխող քայլեր չեն ձեռնարկի։ Այս իշխանությունները նաև ինքնակամ չեն հեռանա»,- եզրափակեց Պողոսյանը։