ՀԻԱՍՔԱՆՉ ՏԵՍԱՐԱՆ ՔԻՇՆԵՎԻՑ
Քիշնևի հնգակողմ հանդիպումը ոչ մի արդյունքի չհանգեցրեց. հերթական անգամ լեռը երկնեց և մուկ ծնեց։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով տարածեց հերթական հեղհեղուկ հայտարարությունը, որում ասվում է, թե հանդիպումն օգտակար էր, կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործնականում ողջ սպեկտրը։ Հաղորդվում է, որ Միշելի միջնորդությամբ Ալիևի և Փաշինյանի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսին Բրյուսելում, այնուհետ հոկտեմբերին…
ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ԱՐԴՅՈՔ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔ ԱԿՆԿԱԼԵԼ։ Այդ բանակցային գործընթացը որոշակի իմաստով հիշեցնում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ գործընթացը՝ նախքան 44-օրյա պատերազմը։ Հիշենք, որ, ինչպես եղել է բազմիցս, բանակցությունների հերթական ռաունդից առաջ հաղորդագրություններ էին հայտնվում, թե կողմերը մոտ են համաձայնության, բացվել է «հնարավորությունների պատուհան», և այլն… Եվ ամեն ինչ ավարտվում էր ոչնչով։ Պատճառը Ադրբեջանի ծայրահեղ պահանջներն էին, որը իրականում նախապատրաստվում էր ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, որպես քող օգտագործելով բանակցությունները իր ծրագրերի համար։
Համարվում է, թե մինչնիկոլական շրջանում կողմերը երկու անգամ մոտ են եղել խաղաղության փաստաթղթի ստորագրմանը։ Մեկ անգամ Քի Ուեսթում, երբ սեղանին դրված էր կարգավորման նախագիծ, որով նախատեսվում էր Ադրբեջանի կողմից Արցախի ճանաչում Հայաստանի մաս՝ Հայաստանի միջով Ադրբեջանը Նախիջևանին կապող արտատարածքային ճանապարհի դիմաց։ Բայց վերջին պահին պարզվեց, որ Հեյդար Ալիևը սխալ է հասկացել փաստաթղթի դրույթները։ Դե, իսկ երկրորդ անգամ, արդեն Սերժ Սարգսյանի օրոք, 2011 թվականին Կազանում, երբ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ սեղանին էր կարծես թե արդեն համաձայնեցված փաստաթուղթ։ Բայց պարզվեց, որ Իլհամ Ալիևը Կազան է եկել 10 նոր առաջարկներով։ Այսինքն, նա էլ ինչ-որ բան չէր հասկացել նախկինում իր հետ համաձայնեցվածից։
Ե՛վ Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ բանակցություններում, և՛ այսօր Բաքվի մարտավարությունն անփոփոխ է. միջնորդների և հայկական կողմի մշտական շանտաժում՝ պատերազմական գործողությունների վերսկսման սպառնալիքով, որևէ փոխզիջման գնալու ցանկության բացակայություն։ Ահավասիկ քիշնևյան բանակցություններից առաջ էլ Ալիևը Արցախին սպառնաց էթնիկ զտումներով, իսկ Հայաստանի վերաբերյալ հայտարարեց, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը կանցնի այնտեղ, որտեղ կորոշի Բաքուն…
Ընդ որում և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում, և՛ այժմյան հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում հայկական կողմն իրեն մխիթարում էր այն հույսով, թե Ադրբեջանի դե ֆակտո ժառանգական սուլթանության վրա միջազգային ճնշումը այնուամենայնիվ կտա իր պտուղները, և Բաքուն կգնա զիջման։ Սակայն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, դրանք սին հույսեր են։
ԻՀԱՐԿԵ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ Է ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ. Առաջին դեպքում Բաքվի կոշտ դիրքորոշումը իրական հողի վրա նրան ոչինչ չէր տալիս։ Պահպանվում էր ստատուս-քվոն, քանի որ հայկական կողմը ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի օրոք «իրական հողի վրա» միակողմանի զիջումների գնալու ոչ մի մտադրություն չուներ։
Հիմա իրավիճակն այլ է։ Հիմա բանակցություններում Ալիևի առջև նստած է ոչ թե գործընկեր, այլ նվեր, որից կարելի է նորանոր զիջումներ պահանջել։ Քանզի այդ նվերի համար կարմիր գծեր գոյություն չունեն։ Ավելի ճիշտ, սույն նվերը հայտարարում է, թե այդ կարմիր գծերը կան, նույնիսկ բարձր գոռում է այդ մասին, բայց միայն մի որոշ ժամանակ, մինչև որ Բաքուն ուժ կհավաքի նոր ահագնացման համար…
Եվ այդժամ Փաշինյանը փոխում է տոնայնությունը, մոռանում իր նախորդ փաստարկները և ընդառաջ է գնում Ալիևի պահանջած հերթական զիջումներին։ 44-օրյա պատերազմից հետո Ալիևը պահանջեց Արցախի Խծաբերդ և Մեծ Թաղեր գյուղերն ու ստացավ դրանք։ Պահանջեց ու ստացավ Սյունիքի հարակից տարածքները։ Պահանջեց և ստացավ վերահսկողությունը Հայաստան-Իրան ճանապարհի նկատմամբ։ Պահանջեց և ստացավ Երևանի հրաժարումը Արցախի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Չնայած այն բանին, որ դա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է։ Պահանջեց ու ստացավ Լաչինն ու մերձակա գյուղերը։ Հիմա էլ պահանջում է անկլավները և, դատելով Փաշինյանի հայտարարություններից, վերջինս պատրաստակամություն է հայտնել լիովին զիջելու նաև այդ հարցում։ «Զորքերի հայելային հետքաշման» սոուսի տակ։ Բայց դա իրոք միայն սոուսն է, որպեսզի հասարակական կարծիք նախապատրաստի անկլավների հանձնման անխուսափելիության վերաբերյալ։
Դե, և իհարկե, Ալիևը պահանջեց վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ և ստացավ դա։ Եվ այսօր Երևանն արդեն դե-ֆակտո համակերպվել է այդ անցակետի հետ։ Քիշնևի բանակցությունների արդյունքներով Միշելի հայտարարության մեջ մի բառ անգամ չկա Արցախի շրջափակման, ադրբեջանական անցակետի և Միջազգային քրեական դատարանի որոշման մասին։ Չկա, քանի որ Երևանն այսօր Բաքվի հետ քննարկում է ոչ թե Արցախի հետ անարգել կապի խնդիրը, այլ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Բաքվի պայմաններով…
Ալիևի ինչի՞ն է պետք ինչ-որ բան ստորագրել, եթե առանց որևէ ստորագրության էլ ստանում է այն, ինչ ուզում է, և ինչը տվյալ կոնկրետ պահին կարող է մարսել։ Միակ բանը, որ կարող է խանգարել Ալիևին այսուհետ ևս Հայաստանից աստիճանաբար ստանալ իր ուզածը, չնայած միջազգային հանրության «ճնշմանը», դա հայկական գլխավոր բանակցողի փոխվելու վտանգն է։ Քանզի Բաքվում հասկանում են. երկրորդ անգամ այդպիսի նվեր ստանալ չի ստացվի։ Առայժմ Ալիևը նման վտանգ չի տեսնում, քանի որ հայկական ընդդիմությունը եթե անգամ ինչ-որ բանով զբաղված է, ապա լոկ ինքն իրեն համոզելով, թե ինքը կա և կարողունակ է։
Այնպես որ հայկական կողմի համար Քիշնևի բանակցությունների գլխավոր արդյունքը բոլորովին էլ Բաքվի վրա Միշելի, Մակրոնի, Շոլցի գործադրած ճնշումը չէ, ինչպես ջանում է ներկայացնել իշխող թիմը, այլ Աննա Հակոբյանի շքեղ տեսքը՝ նոր երեկոյան արդուզարդով։ Այդտեղ հավանաբար հպարտանալու բան կա։