Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է

Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթազյանը ձերբակալվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:

Ղայթմազյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Հիշեցնենք՝ armlur.am-ը հրապարկել էր տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Դատախազություն-ից NEWS.am-ին հայտնել են, որ Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից` անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին` անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

NEWS.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի մամուլի խոսնակն ասել էր, որ մայիսի 10-ին քննչական վարչությունում ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2006 թվականին ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում քրեականի պետն իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով: Գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է:

ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ապրիլի 14-ին սկսվել է ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն: