ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ․ 88 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ, 147 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մինչ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին՝ Թուրքիան խոսում է սպառնալիքների լեզվով։ Օդային սահմանը փակելուց հետո օրերս Թուրքիան, ի դեմս արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, հայտարարեց, թե նոր միջոցներ և քայլեր կձեռնարկի, եթե Հայաստանը չուղղի իր «սխալը» (նկատի ունի Նեմեսիս գործողությանը նվիրված հուշարձանի տեղադրումը – խմբ

 

Չնայած քաղաքական գործընթացներում անորոշություններին՝ Հայաստանը գործնականում պատրաստվում է սահմանի բացմանը ապրիլի 21-ին Կառավարության նիստում Պետական եկամուտների կոմիտեին 283 մլն դրամ հատկացվեց՝ սեղմ ժամկետներում Մարգարայում մաքսակետի կառուցումը սկսելու նպատակով։ Ներկայում ընթացքում են մաքսակետի նախագծման աշխատանքները։ Շինաշխատանքների, սարքավորումների և գույքի ձեռքբերման համար ընդհանուր անհրաժեշտ կլինի 733 մլն դրամ։

Հայաստան-Թուրքիա տնտեսական գործակցությունը՝ թվերով

44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանն էմբարգո սահմանեց թուրքական արտադրանքի նկատմամբ, սակայն 1 տարի անց այն վերացվեց, և թուրքական ապրանքները կրկին ողողեցին հայկական շուկան։

 Թուրքական ներկայությունը ՀՀ-ում․ 88 անշարժ գույք, 147 ընկերությունՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Հայաստան-Թուրքիա առևտրաշրջանառությունն անցած տարի հասել է 3245 մլն դոլարի՝ 4.4 անգամ ավելի, քան 2021 թվականին (735 մլն դոլար):

Հայաստանը ներմուծել է շուրջ 700 անուն ապրանք, հիմնականում՝ շինանյութ, ալյումինե ամրաններ և անկյունակներ, ցիտրուսներ (թարմ կամ չորացրած), բանջարեղեն, տրիկոտաժե հագուստ, բամբակե և սինթետիկ գործվածք, կոշկեղեն, էլեկտրական սարքեր, ապակու մանրաթելից կամ փայտից սալիկներ, հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ և բեռնատարներ, սինթետիկ թել, պլաստմասե իրեր, հիգիենիկ պարագաներ:

Մեր երկրից Թուրքիա արտահանվել է ընդամենը մոտ 20 տեսակի արտադրանք, առավելապես՝ ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով) և ոսկու փոշի, ապա անմշակ կաշի, տեխնիկա (աման լվացող մեքենա կամ չորանոց), գազավորված ըմպելիքների փաթեթավորման սարք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր (ոչ ադամանդ), սննդի կամ ըմպելիքների արդյունաբերական պատրաստման սարքավորումներ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկմամբ՝ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը չի խանգարել հայ և թուրք գործարարներին նրանք գրեթե միշտ բավականին սերտ շփվել են, որոշակի պասիվություն եղել է միայն էմբարգոյի ընթացքում, թեև թուրքական ապրանքը շարունակում էր ներկրվել երրորդ երկրների միջոցով։ Անցած տարվա արտահանման լուրջ աճը Սուրեն Պարսյանը պայմանավորում է ՀՀ-ից վերարտահանմամբ, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն իր ոսկու ձուլակտորները Թուրքիա է արտահանել Հայաստանի միջոցով։

«Իրականում մենք Թուրքիա արտահանման մեծ ներուժ չունենք, որովհետև թուրքական տնտեսությունը բավականին փակ է, տարիներ շարունակ մենք եղել ենք ներկրող և այդ հարցով ավելի մեծ կախվածություն ենք ունեցել։ Նույնիսկ չենք կարողացել այլընտրանք գտնել թուրքական ապրանքներին, և ներկրման ծավալները շարունակաբար աճել են։ Թուրքիան նաև հովանավորչական քաղաքականություն է վարում, ասինքն՝ իր մաքսային օրենսդրության օգնությամբ հայկական մի շարք ապրանքների համար փակում է մուտքը։ ՀՀ-ի համար Թուրքիայի տնտեսությունը որպես արտաքին շուկա չի կարող դիտարկվել հենց այդ պատճառներով, մեր տնտեսվարողներն այնտեղ մրցունակ չեն»,- նշեց Սուրեն Պարսյանը՝ հավելելով, որ մաքսակետի բացումից առաջ ՀՀ-ն պետք է լուրջ քայլեր անի, վերանայի օրենսդրությունը, որոշակի վերապահումներ սահմանի մաքսատուրքերի մասով, դիտարկի հնարավոր ռիսկերն ու վտանգները։

Նոր հնարավորություննե՞ր, թե՞ տնտեսական էքսպանսիայի ռիսկ

2023թ. հունվարի 6-ին թուրքական կողմը հայտարարեց, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնելու բոլոր խոչընդոտները։

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Factor.am-ին տեղեկացրին, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Ստամբուլ-Երևան-Ստամբուլ օդային ճանապարհով ներմուծումը կազմել է մոտ 43.8 տոննա, արտահանումը՝ 2.8 տոննա: Հարցին, թե ի՞նչ կարգի բեռներ են փոխադրվել, կոմիտեից նշեցին, որ բեռների տեսակների մասով տեղեկատվական բազա չեն վարում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Արմեն Քթոյանը թուրքական էքսպանսիայի վտանգ այս պահին չի տեսնում։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ռիսկերի մասով առայժմ էական են քաղաքական խնդիրները։

«Օրինակ՝ օդային փոխադրումների մասով Թուրքիայի կողմից կարող են ինչ-որ պահի սահմանափակումներ ներմուծվել։ Եթե նաև ցամաքային փոխադրումների հնարավորություն լինի, դա շատ ավելի նշանակալի քաղաքական գործիք կարող է դառնալ։ Իսկ նման պայմաններում, երբ ամեն ինչ կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով, երկարաժամկետ պլաններ գծելը բավականին բարդ է։ Ռիսկեր կան նաև այն առումով, որ թուրքական տնտեսությունը մեծ է, մեր համեմատ բավականին մրցունակ ոլորտներ կան, էժան արտադրանք կա, որի ներմուծումը կարող է անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել մեր արտադրողների համար։ Այդ ռիսկերը պետք է որոշակիորեն հավասարակշռել պետական քաղաքականությամբ։ Նաև մեր արտադրողները պետք է սովորեն նման պայմաններում աշխատել»,- ասաց տնտեսագետը։

ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ մեզ հայտնեց, որ վերլուծական աշխատանք արդեն իրականացվել է։

«Հայ-թուրքական սահմանի բացումն այս պահին խիստ մշուշոտ է, դրա համար օրենսդրական փոփոխություններ դեռ չեն արվում։ Երբ կարիքը լինի, կանենք։ Երրորդ երկրների հետ մեր հարաբերությունները կարգավորվում են ԵՏՄ կարգավորումներով։ Այսինքն՝ եթե կարիք լինի որևէ ուղղությամբ աշխատանք անել, կանենք»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Թուրք գործարարները 147 ընկերություն են հիմնել Հայաստանում

Թուրքիայի քաղաքացիների այցելությունների թիվը ՀՀ աճել է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2023 թվականի հունվար-մարտին մեր երկիր մուտք է գործել Թուրքիայի 3027 քաղաքացի, մեկնել՝ 2984-ը, իսկ անցած տարվա տվյալները գրեթե համարժեք են իշխանափոխությանը նախորդած ժամանակահատվածին՝ 2017 թվականին։ Այսպես՝ 2022 թվականին Թուրքիայից ՀՀ եկել է 5382 քաղաքացի, գնացել՝ 5287-ը, 2020-ին՝ համապատասխանաբար 2005 և 2046 քաղաքացի:

Արդյո՞ք թուրք գործարարները հետաքրքրված են Հայաստանի շուկայով, պատերազմից հետո Թուրքիայի քաղաքացիները դիմե՞լ են ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու հարցում աջակցություն ստանալու համար, արդյո՞ք կա տնտեսական էքսպանսիայի սպառնալիք՝ հաշվի առնելով վրացական Բաթումի օրինակը, որտեղ այսօր թելադրողը թուրքական կապիտալն է։

Այս հարցերը Factor.am-ն ուղղել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, սակայն ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից նշել են միայն, որ ըստ քաղաքացիության՝ Հայաստանում կատարված ներդրումների վերաբերյալ առանձին վիճակագրություն նախարարության կողմից չի իրականացվել:

Թուրքական կապիտալով ընկերությունների մասին տեղեկատվություն առկա է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ Գործակալության տվյալների ուսումնասիրությունից պարզեցինք, որ վերջին 5 տարում ՀՀ-ում գրանցվել է Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ 32 ընկերություն, որոնք շարունակում են գործել։ ՀՀ անկախացումից ի վեր Հայաստանում ստեղծվել է թուրքական մասնակցությամբ ընդհանուր 147, լուծարվել՝ 48 ընկերություն։

Թուրքական մասնակցությամբ ընկերությունները հիմնականում գործում են առևտրի, ոսկերչության, բեռնափոխադրումների, գյուղատնտեսության, ռեստորանային ծառայությունների և այլ ոլորտներում։

ՀՀ ղեկավարների պաշտոնավարման ժամանակաշրջանների պատկերը հետևյալն է

88 միավոր անշարժ գույք՝ Թուրքիայի քաղաքացիներին

Թուրքիայի քաղաքացիները մեր երկրում ոչ միայն բիզնեսով են զբաղվում, այլ նաև անշարժ գույք են ձեռք բերել։ Ընդ որում՝ դա հիմնականում տեղի է ունեցել 2000-ականներին։ Ավելին՝ ՀՀ Սահմանադրությամբ՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք չեն օգտվում հողի սեփականության իրավունքից (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի), մինչդեռ Թուրքիայի քաղաքացիները մեր երկրում նաև հողամասեր են ձեռք բերել՝ 2005-2014 թվականներին:

Կադաստրի կոմիտեից մեզ հայտնեցին, որ 2023թ ապրիլի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում Թուրքիայի քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանում է 88 միավոր անշարժ գույք, որից բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ՝ 65, բնակելի տուն՝ 4, ավտոտնակ՝ 1, հասարակական նշանակության շինություններ՝ 7, բնակավայրերի հողամասեր՝ 11 (ընդհանուր մակերեսը՝ մոտ 25 հա):

ՀՀ-ում Թուրքիայի իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք առկա չէ:

Միաժամանակ, Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների կողմից հողամասերի վարձակալության գործարքներ չեն գրանցվել։

Գայանե Խաչատրյան, Factor.am